Շախմատի աշխարհի չեմպիոն և Ռուսաստանի ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարի Կասպարովն իր անձնական բլոգում վերլուծել է ԱՄՆ-ի և Եվրոպայի արձագանքը Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին:
«Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները հանկարծակիի են բերել ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև միջազգային վերնախավին: Ռուսաստանի իշխանությունները և իրենց կողմից կերակրվող վերլուծաբաններն ու լրագրողները հերթական անգամ ականատես եղան նախապատրաստված սցենարի, որը պետք է տարածվեր նաև Ռուսաստանում: Երևում է` Եգիպտոսի և Լիբիայի քաղաքական իրավիճակնը անգամ նրանց է խիստ հիշեցնում ռուսաստանյանը:
Սակայն ավելի մեծ ուշադրության է արժանի այն ցնցումը, որ ապրեցին արևմտյան աշխարհի երկրների և ԱՄՆ-ի ղեկավարները: Օբաման չի կարողանում սթափվել եգիպտական ընդվզումների մեկնարկից ի վեր: Իրավիճակը նման է այն նույն շոկային վիճակին, որ ամերիկացիներն ու Արևմտյան Եվրոպայի քաղաքացիներն ապրեցին 80-ականների վերջին և 90-ականների սկզբին: Կոմունիստական ռեժիմի տապալմանն արձագանքը վակայում էր Արևելյան Եվրոպայի` փոփոխություններին անպատրաստ լինելու մասին: Այդ փոփոխությունները հանկարծակիի բերեցին քաղաքագետներին, վերլուծաբաններին և հետախույզներին:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ փլուզմանը, բացի Ջորջ Բուշ-ավագից և նրա պետքարտուղար Ջեյմս Բեյքերից, թերևս չկար այս ռեժիմի պահպանման ավելի մեծ ջատագով: Բուշի վարչակազմը բառացիորեն մինչ վերջին վայրկյանը շարունակում էր սատարել Գորբաչյովին` միաժամանակ ցուցադրաբար արհամարհելով Ելցինին: Աշխարհաքաղաքական իրականության փոփոխության նկատմամբ երկյուղը նաև արտահայտվեց այն ժամանակ, երբ Բուշի վարչակազմը մի շարք հայտարարություններ արեց Հարավսլավիայի ամբողջականության պահպանման վերաբերյալ` փաստացիորեն խրախուսելով ուժի կիրառումը Միլոշևիչի կողմից:
Որոշակի պահի, անգամ այնպիսի դիմադրություն, ինչպիսին է սառը պատերազմը, դադարում է բյուրոկրատական մեքենայի համար հաղթանակի հասնելու միջոց լինել և դառնում է դրա գոյատևման մի մասը:
Նոր իրականություն ընդունելուն անպատրաստ լինելն այսօր պայմանավորված է ոչ այնքան աշխարհաքաղաքականության հետ, որքան քաղաքական, սոցիալական և տնտեսական մակարդակի վրա հարաբերությունների ժամանակակից գլոբալ մոդելի ակնհայտ ճգնաժամի հետ:
Իրավիճակի պարադոքսը կայանում է նրանում, որ մի կողմից` տարվում են ամերիկյան, մասոնական, սիոնիստական դավադրության հիվանդագին փնտրտուքներ, որոնք վտանգում են բռնապետական կայունությունը, իսկ մյուս կողմից` սարսափ է առաջանում նույն ԱՄՆ-ում և Իսրայելում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, որոնք արդեն սովորել են ապրել այդ շրջապատում և ֆինանսական պայմանագրեր կնքել բռնապետական ռեժիմների հետ, իսկ ժողովրդավարության մասին խոսակցությունները քողարկում են այդ սարսափը:
Արաբական Արևելքը հերթական անգամ ապացուցեց այն ճշմարտությունը, որ խորտակվողների փրկությունը հենց խորտակվողների ջանքերի արդյունքն է: Ռուսաստանում նման սցենարի կրկնության դեպքում արևմտյան վերնախավը նույնպես մինչև վերջին վայրկյանը կանգնած կլինի պուտինյան ռեժիմի կողքին: Ինչը, սակայն, չի խանգարի նրանց տապալման պահին սառեցնել Պուտինի և նրա մեղսակիցների հաշիվները»: