Շաբաթ օրը` ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ Տուլայի շրջանի պետավտոտեսչության աշխատակիցները մեծ արագությամբ ընթացող մեքենա են նկատել, որը սլացել է միակողմանի երթևեկությամբ փողոցի հակառակ ուղղությամբ: Կանգնելու հրահանգին մեքենայի վարորդը չի արձագանքել: Ոստիկանության աշխատակիցները սկսել են հետապնդել մեքենան:
Որոշակի պահի հետապնդվող մեքենան դուրս է եկել ղեկավարումից և շրջվել է 360 աստիճանով: Լեյտենանտ Ալեքսանդր Գրեչիշկինը դուրս է վազել պարեկային մեքենայից և կանգ առնելու հրահանք է տվել, ի պատասխան նրա գործողությունների` մեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկանության աշխատակցին: Ոստիկանը ցատկել է մեքենայի դիմային մասին, սակայն վերջինիս վարքը վարորդին խուճապի է մատնել, և նա մի քանի փողոց նման վիճակում քշել է մեքենան` փորձելով տեսուչին մի կողմ նետել, հաղորդում է «Тульские новости» պարբերականը:
42-ամյա ավտոտեսուչ Ալեքսանդր Գրեչիշկինը կարողացել է մեքենայի վրա մնալ` միաժամանակ հորդորելով վարորդին կանգնեցնել այն: Միայն նման կերպ մեկուկես կմ ճանապարհ անցնելուց հետո տեսուչին հաջողվել է ցատկել մեքենայից, իսկ նրա գործընկերը, ով միաժամանակ հետևում էր վարորդին իր ծառայողական մեքենայով, շարունակել է հետապնդումը: Հետապնդման արդյունքում հնարավոր է եղել բերման ենթարկել վարորդին:
Մեքենայի ղեկին 26-ամյա Հայաստանի քաղաքացի է եղել` խիստ հարբած վիճակում: Նրան հասցրել են ներքին գործերի վարչություն: Հարբած վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառման» հոդվածով:
Լեյտենանտ Գրեչեշկինը ծանր վնասվածքներ չի ստացել, իսկ ցուցաբերած խիզախության համար կպարգևատրվի: