Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները, խմբավորմները` լինեն իշխանական, թե ընդդիմադիր, նույն նպատակն են հետապնդում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը անդրադարձել է Հայաստանի քաղաքական իրավիճակին, մասնավորապես, հայաստանյան ընդդիմությանը և մարտի 1-ի 3-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրվող հանրահավաքին:
«Դուք ասում եք` քաղաքական բանտարկյալներ կան, վաղը նրանք էլի ձեռները թափ են տալու, ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց էսպես թե էնպես համոզված եմ, որ էդ քաղբանտարկյալներից 95 տոկոսը նույնպես իշխանության գալու համար են արվել, և հիմա, որ նրանք նստած են բանտում, դա շատ բնական երևույթ է», – ասել է Սահակյանը:
Ավելին, ըստ Սահակյանի, կան մարդիկ, որոնք նստած չեն բանտում, և «դա անբնական երևույթ է»:
«Էսպիսի մի խոսք կա` հենց էնպես շատ քիչ մարդիկ են նստում, միշտ դրա տակ մի բան կա: Եթե պետք է հավաքվեն մարտի 1-ին ու հարգեն զոհերի հիշատակը` խնդրեմ, բայց եթե պետք է ձեռք թափ տան, էլի նույն անարժեք արտահայտությունները գոռգոռան` դա ծիծաղելի է ուղղակի: Խղճում եմ մարդկանց, որոնք գնում, հավաքվում են: Աշխարհում չի եղել էնպիսի քաղաքական միջադեպ որտեղ մարդիկ հաղթեն և հասնեն իրենց ուզածին, և բարելավվի պետության վիճակը էսպիսի հավաքներով` գոռգոռալով, անիմաստ շարժումներով», – նշել է գրողը:
Նա հիշեցրել է 90-ական թվականները` ասելով, որ այդ տարիներն այսօրվա երիտասարդությունը չի հիշում:
«Սաղ երիտասարդ են` 18-20 տարեկան, նրանք չեն կարող պատկերացնել, թե դա որքան ծանր հարված էր մեր ժողովրդի համար հավասարազոր հոլոքոստի (նկատի ունի 90-ականները – Epress.am): Կարծում եմ` պետք է դաստիարակչական աշխատանք տանել, բայց ոչ կառավարությունն է ունակ դա անել, որովհետև նրանք մտածում են միայն իրենց մասին, ոչ էլ ընդդիմությունները: Այդ պարագլուխները, պիգմեյները մտածում են իշխանության գալու մասին, ու շատ լավ է, որ քաղաքական շատ ու շատ հանցագործներ մինչև հիմա դուրս չեն եկել բանտերից: Եթե ինձ մնար, ես ավելի երկար կպահեի նրանց բանտում», – ասել է Սահակյանը: