Home / Հայաստան / Դինքի ընտանիքը չի մասնակցի սպանության գործով դատավարություններին

Դինքի ընտանիքը չի մասնակցի սպանության գործով դատավարություններին

Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների խումբը հայտարարել է, որ Դինքի ընտանիքի անդամներն այլևս չեն մասնակցելու լրագրողի սպանության գործով դատավարություններին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Դինքին սպանած Օգյուն Սամաստի գործը երեկ առաջին անգամ քննվել է անչափահասների դատարանում: Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանը, հիմնվելով նոր քրեական օրենսգրքի պահանջների վրա, նախորդ տարվա հոկտեմբերին որոշում էր կայացրել Սամաստի գործը քննել անչափահասների դատարանում, քանի որ սպանության պահին Սամաստի 18 տարեկանը դեռ չէր լրացել: Դեռևս այն ժամանակ Դինքի փաստաբանները նշել էին, որ դատարանն այդքանով նպատակ ունի ավելի փոքր պատժաչափ սահմանել Սամաստի համար:
Երեկ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը պաշտոնապես հայտարարել է, որ ընտանիքի անդամները չեն պատրաստվում մասնակցել դատական նիստերին, քանի որ «գործի քննությունը հեռու է արդարադատության պահանջներից և շարունակում է մեծացնել ցավն ու տառապանքը մեր հասարակության մեջ»: