«Սարդարապատ» շարժման հիմնադիրներից մեկը և ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած հայտարարությանն ու իշխանություններին առաջադրած պահանջների ընդունելի կամ ռեալ լինելու հանգամանքին` ասել է, թե այդ պահանջների մեջ զավեշտական կետեր կան:
Նա որպես օրինակ մատնանշել է այսինչ կամ այնինչ չինովնիկի հրաժարականի պահանջ պարունակող կետը.
«Այստեղ զավեշտական բան եմ նկատում այն իմաստով, որ մենք արդեն օրեր, շաբաթներ առաջ տեղյակ ենք լինում, որ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով ուզում է ձերբազատվել այս կամ այն չինովնիկից, և հանկարծ էդ մարդկանց անունը մենք լսում ենք Տեր-Պետրոսյանի շուրթերից, որը ևս պահանջում է ձերբազատվել դրանցից»:
Անդրադառնալով հանրահավաքի ընթացքում ներկայացված պահանջների բովանդակությանը` Սեֆիլյանը փաստել է.
«Առհասարակ մենք այդ մարտավարությանը դեմ ենք այն իմաստով, որ մեզ համար հստակ է. Մինչև այդ ռեժիմը չտապալվի` որևէ իմաստ չունի ո’չ ընտրությունների մասին խոսել, ո’չ էլ այս կամ այն բարեփոխումների մասին մտածել»:
Ըստ այդմ, ո՞րն է Ժիրայր Սեֆիլյանի և նրա զինակիցների`առկա վիճակը հաղթահարելու դեղատոմսը:
«Այլընտրանքը, որ մենք առաջարկում ենք` ուղիղ ժողովրդավարություն, դա նշանակում է, որ երբ ժողովուրդը զրկված է քվեաթերթիկով իշխանություն ձևավորելու հնարավարությունից, նրան մնում է միայն տապալել առկա ռեժիմը և միայն դրանից հետո ձևավորել նոր իշխանություն: Ինչպե՞ս է դա արվելու: Դա արվելու է միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ: Մեր շեշտադրումը նաև այն է, որ դա հնարավորինս պետք է կազմակերպվածացնել: Այդ ժողովրդական անհնազանդությունը, ընդվզումը, ըմբոստությունը մտնում է այդ կազմակերպվածության մեջ, որի արդյունքում այս ռեժիմը հնարավոր կլինի տապալել: Իսկ կազմակերպված լինել նշանակում է. Նախ` չափել ռեժիմի հնարավորությունը և ըստ այդմ` այնպիսի քայլեր կատարել, որ հակառակորդը բողոքի ընթացքի դեմն առնելու ոչ մի ելք չունենա: Այդ ժամանակ ռեժիմը կամ պիտի ձեռքերը վեր բարձրացնի, կամ փախնի երկրից: Ուրիշ ճանապարհ մենք չենք տեսնում», – ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կա պատրաստված և պատրաստակամ ժողովուրդ, ու «մնում է միայն, որ հայտնվեն ճիշտ կազմակերպիչներ»:
Հարցին` «Սարդարապատը» պատրաստ է կազմակերպիչ դառնալ, Սեֆիլյանը պատասխանել է.
«Մենք վաղ թե ուշ դա իրականացնելու ենք, բայց քանի որ ամեն մի օր մեր երկրի համար շատ թանկ է նստում, մենք այսօր էլ պատրաստ ենք այդ հարցում համագործակցել որևէ անկեղծ ուժի հետ, իսկ եթե այդ ընթացքում որևէ մեկը մեր հորդորները չի լսելու` ուշ թե շուտ այն, ինչ ես ասում եմ, «Սարդարապատն» անելու»: