Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությանը ներկայացրած 15 պահանջների մեջ սոցիալական բնույթի կետերը պետք է լինեն իշխանության ուշադրության կենտրոնում` առանց որևէ մեկի ուլտիմատում ներկայացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ նման տեսակի կետեր վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հնչեցվել են:
«Իշխանություններն անընդհատ հնարավորություն են տալիս իրենց իսկ անգործությունն ու թերի քաղաքականությունը շահարկել: Մեր ժողովուրդը շատ վատ է ապրում, և ես սկսում եմ կասկածել` մեր իշխանությունները տեսնո՞ւմ են դա, թե ոչ: Այսօր իշխանությունը իրավիճակի կոնտրոլ ամբողջովին չունի: Իշխանության և ժողովրդի միջև անջրպետը գնալով մեծանում է», – հայտարարել է ՀՅԴ-ական գործիչը:
Հարցին` կա՞ արդյոք Հայաստանում հեղափոխական իրավիճակ, Հովհաննիսյանը պատասխանել է, որ հասարակության մեջ կա «պայթյունավտանգ միտում»: Նա բացատրել է դա սոցիալական վատթարացող վիճակով:
«Այդ պայթյունավտանգ իրավիճակը կարող է բերել հեղաշրջաման, բայց հեղափոխության չի բերի: Այն որևէ դրական փոփոխության չի բերի», – ասել է Հովհաննիսյանը: