Home / Հայաստան / Ճապոնիան շարունակում է հաշվել զոհերը. ևս մեկ պայթյուն ատոմակայանում

Ճապոնիան շարունակում է հաշվել զոհերը. ևս մեկ պայթյուն ատոմակայանում

Երկուշաբթի վաղ առավոտյան Ճապոնիայի «Ֆուկուսիմա Դայ-իչի» ատոմակայանում վերջին երեք օրվա ընթացքում ջրածնի երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ:

Ատոմակայանի պատասխանատուները հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը դեռևս մնում է թույլատրելիի սահմաններում, թեև գոյություն ունի վտանգ, որ այն կարող է բարձրանալ: Հիշեցնենք, որ ատոմակայանում բարդ իրավիճակ է ստեղծվել 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի թույլ ցնցումների հետևանքով: Մասնագետները փորձեր են անում սառեցնել ատոմային ռեակտորները` օգտագործելով ծովից բերված ջուրը: Ականատեսների վկայությամբ` նրանք աշխատում են արտակարգ պայմաններում:
Նշենք, որ շաբաթ օրվանից ի վեր «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակա բնակավայրերից արդեն իսկ տարհանվել է 180,000 մարդ:

Ճապոնիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրի արտակարգ ծառայությունները փայլուն աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, աղետի հետևանքների հետ պայքարելը գրեթե անհնար է, քանի որ ցունամիների շարքը շարունակում է նոր ավերածություններ հասցնել երկրի տնտեսությանը և խլել մարդկանց կյանքերը:

Համաձայն պաշտոնական տվյալների, զոհերի թիվն արդեն անցել է 10000-ից: