Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պատրաստ է աջակցել ոստիկանության աշխատանքներին

Սերժ Սարգսյանը պատրաստ է աջակցել ոստիկանության աշխատանքներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել  ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպին, իրականացվող քայլերի արագությանը և, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերմանը:

«Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի և՛ մենք տեսնենք, և՛ դուք տեսնեք, և՛ մեր հասարակությունը տեսնի: Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը: