ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հստակ նպատակադրում ունեն ոստիկանների սոցիալական երաշխիքների ապահովման լայն փաթեթի իրականացման ուղղությամբ:
«Ցավոք, տնտեսական ճգնաժամը ուշացրեց մեր ծրագրերը: Չնայած աշխատավարձի ֆոնդը և դրույքաչափերը կարողացանք բարձրացնել, բայց դա այն չափով չէր, որ մենք էինք ցանկանում: Փառք Աստծո, տնտեսության հնարավորություններն աճում են, ավելանում է նաև համագործակցության ծրագրերի շրջանակը, և մենք արդեն կարող ենք նոր արդյունքներ ունենալ այս հարցում», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հայտարարել է, որ միևնույն ժամանակ իշխանություններն ավելի խիստ են լինելու անընդունելի երևույթների հանդեպ` «կաշառակերությունից, այսպես կոչված, «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում»:
«Օրենքը ոստիկանին հարկադրանք կիրառելու լիազորություն է տալիս: Նման լիազորության իրականացումն ահռելի պատասխանատվության բեռ է դնում ձեր ուսերին: Այդ պատասխանատվությունը թերևս համեմատելի է միայն հիվանդի առջև կանգնած վիրաբույժի պատասխանատվության հետ:
Ձեր գործառույթները արդյունավետ իրականացնելու համար կարևորում եմ մի քանի գործոն.
Առաջին հերթին, կարևորում եմ ձեր քաղաքացիական գիտակցությունը: Լավ ոստիկանը, լավ քաղաքացի պիտի լինի, կայացած և իր առաքելությանը վստահ մարդ:
Երկրորդ, ոստիկանին վերապահելով կարևորագույն լիազորություններ, օրենքը սահմանափակումներ և պահանջներ է ներկայացնում իրավապահին: Որևէ հարցի կամ երևույթի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը որևէ կերպ չպետք է խանգարի այդ խստագույն պահանջների կատարմանը: Սա, իրավամբ, բարդագույն խնդիր է: Սակայն առանց այդ խնդրի հաղթահարման լավ ոստիկան լինել հնարավոր չէ: Իսկ լավ ոստիկանները մեզ շատ են անհրաժեշտ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը` նույնպես:
Երրորդ, ձեզ տրված է հայեցողական որոշումներ կայացնելու լիազորություն և պատասխանատվություն: Հնարավոր չէ բոլոր իրավիճակների համար դեղատոմսեր ունենալ, առավել ևս օրենքի մակարդակով: Հնարավոր չէ կանխատեսել բոլոր հակասական իրավիճակները ու կանխել բոլոր իրավախախտումները: Հենց այդ պատճառով է, որ ոստիկանի` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը զուգորդվում է հայեցողության որոշակի տարրերով: Առանց դրանց իրավապահները չեն կարող արդյունավետ գործել:
Այդուհանդերձ, վկայակոչված հայեցողությունը պետք է գործի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության, կամայականության արգելքի սկզբունքների շրջանակում: Իրավախախտումները թեև երբեմն օրինաչափ, սակայն հիմնականում առանձնահատուկ են: Սա է պատճառը, որ էլ ավելի են կարևորվում այն արժեքներն ու սկզբունքները, որոնց պիտի հետևի ոստիկանը` ծառայողական պարտականությունները կատարելիս», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Որպես չորրորդ կետ նա նշել է, որ ոստիկանության որևէ գործողություն, հասարակության հիմնարար և համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմեկնաբանության տեղիք չպետք է տա:
«Կնճռոտ հարցեր այստեղ կան և կմնան: Սակայն միշտ և ամենուր ոստիկանի գործողությունները պիտի դիմանան այդ արժեքների քննությանը: Սա՛ է ոստիկանության, իրավապահ համակարգի հանդեպ վստահության բարձրացման բանալին: Տեսեք, եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, և ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն` ո՛վ է կատարել մարդասպանությունը, և ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, և իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը: Կամ մեկ այլ օրինակ` երբ Գավառում հանցագործություն է տեղի ունենում, սպանության փորձ է տեղի ունենում, իրեղեն ապացույցները համարյա թե ամբողջովին կան, խոստովանողը կա, այնուհետև բարձրաստիճան ոստիկանի, նույնիսկ չեմ կարողանում ածական գտնել, միջամտությամբ, այդ հանցագործությունը պարտակվում է, և արդյունքում ունենում ենք ընդամենը խուլիգանության դեպք և, բնականաբար, այդպիսի պատիժ: Ինչպիսի՞ն պետք է լինի նույն Գավառի հասարակության վերաբերմունքը ոստիկանությանը, ինչպիսի՞ն պետք է լինի այլ մարզերի, նույն Երևանի բնակչության վերաբերմունքը ոստիկանությանը: Ահա այս խնդիրներն են, որ մենք պետք է լուծենք: Եվ սա միայն ոստիկանապետի խնդիրը չէ, միայն փոխոստիկանապետերի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է, բոլոր նրանց, ում համար թանկ են ոստիկանության պատիվը, հեղինակությունը:
Հինգերորդ, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացումն ապահովելիս, կարևորելով ոստիկանների գործողությունների արդյունավետությունը, հիմնական շեշտը շարունակաբար դնելու ենք նրանց գործունեության և ծառայողական պարտականությունների հետագա կանոնակարգման, չափանիշների հստակեցման, վարքագծի կանոնների և էթիկայի պահանջների հետևողականորեն կատարման, դրանց հանդեպ վերահսկողության վրա. եվ ամենակարևորը` պրոֆեսիոնալիզմի անընդհատ բարձրացման վրա:
Վեցերորդ, ուզում եմ շեշտել, որ ընթացակարգերը նույնպես պարբերաբար վերանայվելու կարիք ունեն: Դրանք պիտի ժամանակին համաքայլ ընթանան, քանի որ քաղաքացիական հասարակության կայացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը, բազմակարծության ծավալմանը զուգընթաց, հայաստանյան հասարակության արժեքները ևս փոխակերպվում են:
Պիտի հնարավոր բոլոր միջոցներով ամրապնդենք ոստիկանի կայացրած որոշման ու նրա գործողությունների և հասարակության արժեքների միջև կապը: Չէ որ բոլորիս նպատակը մեկն է` ծառայել մարդուն և քաղաքացուն, ամրապնդել մեր հասարակությունն ու պետությունը՝ գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և դրա ընձեռած հնարավորություններից լիարժեքորեն օգտվելու հարցում:
Յոթերորդ, այս և մյուս խնդիրների լուծումը ենթադրում է ոչ միայն օրենքների և ընթացակարգերի հետագա կատարելագործում, այլև ոստիկանների ունակությունների, նրանց պրոֆեսիոնալ կարողությունների հետևողական և անընդհատ զարգացում: Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ո՛չ համակարգին, ո՛չ հասարակությանը: Որևէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետև եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի և, ընդհանրապես, ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից այդ գործը պետք է սիրի և իր պատիվը միշտ պետք է չափվի ոչ միայն իր ուսադիրներով, այլ նաև կրծքին եղած նշաններով: Սա՛ է մասնագիտական մոտեցումն այս հարցում», – ասել է Սերժ Սարգսյանը: