Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում լրագրողներին կոչ է արել աջակցել իրեն իր նամակագրության իրավունքի վերականգնման գործում: Հայատարարության մեջ ասված է.
«Լրատվությանը հետևող հանրությունը տեղյակ է, անշուշտ, «Արթիկ» ՔԿՀ-ում իմ նամակագրության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս ընթացքում «Արթիկ» ՔԿՀ-ից «ՀԺ»-ի խմբագրություն նամակներ ուղարկելու համար ստիպված եմ եղել այլևայլ հնարքներ կիրառել: Այնուհանդերձ, նամակագրության իմ իրավունքը գտնվում է պետական արգելքի տակ, և իշխանությունները հերքում են, թե ես նամակներ ուղարկելու փորձեր եմ անում, չնայած հենց այս պահին ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի մոտ են գտնվում իմ գրած 14 հոդվածները 13 նամակներում (ծրարներում): Չցանկանալով կրկնել այն ամենը, ինչը արդեն հայտնի է և հրապարակային, ես` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանս, հայ հանրության և լրագրողական համքարության առջև պարտավորվում եմ այսօրվանից սկսած ամեն աշխատանքային օր «ՀԺ» օրաթերթին հասցեագրված ծրար հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին` օրենքով սահմանված կարգով այն ուղարկելու համար: Այս հայտարարությունը չի նշանակում, թե մինչ օրս նույնը չեմ արել: Սույն հայտարարության նպատակը խնդրի առնչությամբ ինչ-որ զրոյական կետ ֆիքսելն է: Լրագրող գործընկերներիցս ակնկալում եմ, որ նրանք հետևեն այսօր արդեն իսկ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին հանձնված և առաջիկա բոլոր աշխատանքային օրերին հանձնվելիք բոլոր ծրարների ճակատագրին: Եթե ՔԿՀ վարչակազմը կհերքի նամակներիս գոյության փաստը, ահա, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ դա սովորական սուտ է: Կրկնում եմ ամեն աշխատանքային օր նամակ հանձնելու պարտավորության մասին և լրագրող գործընկերներիս աջակցությունն եմ ակնկալում նամակագրության իրավունքիս վերականգնման գործում»: