Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Տեր-Պետրոսյանի «որդեգրած քաղաքականության» մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Տեր-Պետրոսյանի «որդեգրած քաղաքականության» մասին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում այսօր առավոտյան Epress.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ ինքը ԶԼՄ-ների հետ խոսելու է կեսօրին, սակայն, տեսնելով, որ լրագրողների թիվը շատանում է, Հովհաննիսյանը համաձայնել պատասխանել լրագրողների հարցերին նաև հիմա:

Նա անդրադարձ է կատարել այն փաստին, որ երեկ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մոտեցել իրեն:

«Յուրաքանչյուր քաղաքացու և քաղաքական գործչի իրավունքն է զորակցել կամ ոչ: Եթե ես լինեի, անկախ քաղաքական հայացքներից, կմոտենայի և կողջունեի ցանկացած հացադուլավորի», – ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ այդ քայլը ոչ թե գիտակցության պակաս է այլ «որդեգրված քաղաքականություն, կանխամտածված քաղաքականություն»:

«Դա կարող է նոր հիասթափության առջև կանգնեցնել հասարակությանը», – ասել է «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի մեկնաբանել, թե կոնկրետ ինչում է կայանում այդ «որդեգրած քաղաքականության» իմաստը` առաջարկելով այդ մասին տեղեկանալ ՀԱԿ առաջնորդից:

Հովհաննիսյանը նաև նշել է, որ ինքը երեկ մեծ ցնծություն էր ապրում տեսնելով ժողովրդին Ազատության հրապարակում: Մարդկանց մուտքը Ազատության հրապարակ նա որակել է որպես հաղթանակ:

«Ես կարծում եմ, որ այս հաղթանակը շարունակական է լինելու: Եվ ժողովրդի առջևից ջահը տանող քաղաքական ուժը կշարունակի այս հաղթանակը, տեղում չի մնա: Բայց ամեն դեպքում առաջնորդողը պետք է լինի ժողովուրդը», – ասել է Հովհաննիսյանը: