«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնված նամակներից մեկը երեկ մուտք է եղել «Հայփոստ» ընկերության Արթիկի բաժանմունք:
«ՀԺ»-ի տեղեկություններով, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի ուղերձին և ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձել են պարզել, թե ուր են անհետանում Նիկոլի նամակները: Ի վերջո, նամակներից մեկը գտնվել է:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել լրագրողներին` կոչ անելով օգնել իրեն վերականգնել նամակագրության իրավունքը:
«Նա ձեզ անձամբ յուրաքանչյուրիդ որպես լրագրողական համայնքի ներկայացուցիչներ և գործընկերներ, անկախ ձեր և իր ունեցած պատկերացումների տարբերություններից, խնդրում է ամեն օր տեղեկանալ` արդյո՞ք նա հանձնել է որևէ ծրար «Արթիկ ՔԿՀ-ի» վարչակազմին», – Փաշինյանի խնդրանքն լրագրողներին փոխանցել էր նրա փաստաբան Վահե Գրիգորյանը: