«Ներկա դրությամբ ես շարունակում եմ իմ հացադուլ-ծոմը, այն էլ Ազատության հրապարկում և ես ակնկալում եմ, որ իշխանություններն իրենց խելքը, խիղճը, հոգին, քաղաքական գիտակցությունը, պետության նկատմամբ պատասխանատվությունը կօգտագործեն իրենց մոտեցումները արմատապես փոխելու համար», այսօր Ազատության հրապաարկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ այն, ինչ վերջին տասը օրերի ընթացքում տեղի էր ունենում Ազատության հրապարակում, իրենց հուշում է, որ իրենք մտնում են իրապես նոր հանգրվան, որը պահանջում է նորովի նվիրվել Հայաստանի ազատությանը, իրավունքին և ազգային շահին:
«Սա պահանջ չէ, ես ոչ էլ խնդրանք ունեմ, հարգում եմ մարդկանց, բոլորն էլ մարդ են, շատ լավ հատկանիշներ ունեն, եթե այս առաջիկա օրերին Հայաստանի գործող նախագահը կամ պետական այլ պաշտոնյա մոտենա և խելամիտ լուծումներ խոստանա, իհարկե կարող եմ հենց տեղում ինքս իմ մեջ վերանայել իմ մոտեցումները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նաև տեղեկացրեց, որ երեկ իրեն մոտեցել է մի երիտասարդ, ով ներկայացել է որպես նախագահական նստավայրի ներկայացուցիչ և ասել է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` Յուրի Վարդանյանը`նախագահի խորհրդականը, ցանկանում է իր հետ առանձնազրույց ունենալ: Հովհաննիսյանը ասաց, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է նրան ընդունել հանրային վայրում` Ազատության հրապարակի նստարանին: Սակայն այդ դեպքից հետո Հովհաննիսյանը Վարդանյանից որևէ տեղեկություն չունի: ԱԺ պատգամավորը նաև ասաց, որ Վարդանյանը ի նկատի պետք է ունենա նաև այն, որ կատարյալ առանձնազրույց իրենց մոտ չի ստացվի: