Քիչ առաջ` ժամը 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ և փորձում է հանցագործություն կատարել: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:
Ինչպես Lragir.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է:
Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանապետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը, Պահպանություն միավորման պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը, Ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, Նոր Նորք վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանն ու նրա տեղակալ Դավիթ Գրիգորյանը:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և համապատասխան աշխատանքներ են իրականացնում:
Բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով: