Home / Հայաստան / Նոր պետություն` Աֆրիկայում

Նոր պետություն` Աֆրիկայում

Սոմալիի տարածքում Ազանիա անունով նոր պետություն է առաջացել, հաղորդում է Associated Press-ը:

Ազանիայի առաջացման մասին հայտարարվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Քենիան նոր պետության ստեղծման նախաձեռնողների թվում էր: Սա բացատրվում է նրանով, որ Նայրոբիին ձեռնտու է քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող հարևանի սահմանին բաժանարար գոտու ստեղծումը: Ազանիան կզբաղեցնի Սոմալիի հարավային շրջանները:

Նույն օրը`ապրիլի 3-ին, Ազանիայի նորաստեղծ պետության նախագահ է նշանակվել Աբդի Գանդին, ով նախկինում ղեկավարում էր Սոմալիի պաշտպանության նախարարությունը: Նայրոբիում տեղի ունեցած արարողության ընթացքում  Գանդին իր համար առաջնային նպատակ է հայտարարել իսլամիստական «Ալ-շաբաաբ» խմբավորման դեմ պայքարը, որը վերահսկում է Սոմալիի զգալի հատվածը:

Մոտ ժամանակներս Ազանիայում կառավարություն և խորհրդարան կստեղծվի:

Վերջին քսան տարիների ընթացքում Սոմալին քաղաքացիական պատերազմի մեջ է գտնվում: Երկիրը մասնատված է մի քանի հատվածների, որոնցից ամեն մեկն իր սեփական կառավարությունն ունի: Միջազգայնորեն ճանաչված է Սոմալիի Անցումային դաշնային կառավարությունը, սակայն այն վերահսկում է մայրաքաղաք Մոգադիշոյի ընդամենը մի քանի թաղամաս: Սոմալիի հարավում և հարավ-արևմուտքում իսլամիստական խմբավորումները շատ ակտիվ են, հատկապես «Ալ-Շաբաբը»: Երկրի հյուսիսում գոյություն ունի Սոմալիլենդ հանրապետությունը: Կողմերի միջև մշտապես բախումներ են տեղի ունենում: