Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» 2010 թվականի զեկույցը, որում խոսվում է նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ԵՄ-ը ևս մեկ անգամ Հայաստանի ուշադրությունը հրավիրում է մարդու իրավունքների կարևորությանը՝ որպես լիովին ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հիմնական տարր:
Հղում է կատարվում ԵԱՀԿ Մամուլի Ազատության հարցերով ներկայացուցչի զեկույցին, ըստ որի ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները բավարար չեն ԶԼՄ-ների բազմակարծությունը ապահովելու համար, և ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը և օրենսդիրներին շարունակել սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության, Եվրոպայի և ԵԱՀԿ փորձագետների հետ, որպեսզի օրենքը նպաստի մամուլի ազատությանը և համապատասխանի եվրոպական չափանիշներին:
Անդրադարձ է կատարվում նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) զեկույցին, որը նշում է Հայաստանի արդարադատության համակարգի թերացումները, որոնք ի հայտ եկան 2008-ի մարտի հետընտրական բռնությունների դատական լսումների ժամանակ:
Խորհուրդ է տրվում հաշվի առնել ԺՀՄԻԳ զեկույցը դատաիրավական համակարգի բարեփոխումներն իրականացնելիս:
Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության զեկույցում նշվում է, որ տնտեսական և քաղաքական կյանքում հայ կանանց նկատմամբ շարունակվում է խտրական մոտեցումը, և մտահոգություն է արտահայտված Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով: