Մարտի 26-ին Մոսկվայում հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը և իր թոռը` Ջիվան Գասպարյան-կրտսերը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբի հետ միասին համերգ են տվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գասպարյանները պատմել են համերգի մասին` ընդգծելով, որ այն անցել է բարձր մակարդակով:
Ջիվան Գասպարյան-ավագը տեղեկացրել է, որ նախատեսում են Սպիվակովի հետ այդ նույն համերգը կրկնել նաև Երևանում, որն ամենայն հավանականությամբ կկայանա աշնանը:
Գասպարյան-կրտսերը, խոսելով համերգի մասին, նշել է, որ այն շատ լավ է անցել և իրեն ոգևորել է այն փաստը, որ ինքը հանդես է գալիս հայտնի երաժիշտների հետ:
Գասապարյան-ավագը պատմել է իր թոռան մասին` հավաստիացնելով որ Ջիվան Գասպարյան-կրտսերը շատ հայտնի է ԱՄՆ-ում:
«Ես նրան Երևան բերեցի, որ հայկական երաժշտության մեջ ավելի շատ խորանա»,- ասել է Գասպարյան-ավագը:
Մաեստրոն նշել է, որ իր թոռը լավ պայմաններից չէ, որ գնացել է ԱՄՆ:
Գասպարյան-ավագը հիշեցրել է, որ ինքը ևս ժամանակին իր ընտանիքը հավաքել է և գնացել ԱՄՆ, քանի որ «իրենց այստեղ բանի տեղ չէին դնում»: Նրա խոսքով` իր ինքնասիրությունը թույլ չտվեց, որպեսզի նա որևէ մեկին դիմի իրեն օգնելու համար:
Սակայն վարպետը չի դժգոհել ժողովրդից` նշելով, որ «ինձ վատ աչքով չեն նայում»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր թոռը ռեստորաններում է նվագում, ինչպես շատ երգիչներ, որոնք իրենց համարում են աստղ` Գասպարյան-ավագն ասել է.
«Ջիվանը միռավոյ տղա է, դաստիարակված. «էս գործը կպցրինք» և այլն` նա այսպիսի բաներ չի հասկանում: Բայց եթե ընկերական շրջապատում խնդրում են մի բան նվագել, իհարկե, նվագում է»: