Home / Հայաստան / «Միռավոյ տղա» Ջիվան Գասպարյանը ուրախ է նվագել Սպիվակովի հետ

«Միռավոյ տղա» Ջիվան Գասպարյանը ուրախ է նվագել Սպիվակովի հետ

Մարտի 26-ին Մոսկվայում հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը և իր թոռը` Ջիվան Գասպարյան-կրտսերը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբի հետ միասին համերգ են տվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գասպարյանները պատմել են համերգի մասին` ընդգծելով, որ այն անցել է բարձր մակարդակով:

Ջիվան Գասպարյան-ավագը տեղեկացրել է, որ նախատեսում են Սպիվակովի հետ այդ նույն համերգը կրկնել նաև Երևանում, որն ամենայն հավանականությամբ կկայանա աշնանը:

Գասպարյան-կրտսերը, խոսելով համերգի մասին, նշել է, որ այն շատ լավ է  անցել և իրեն ոգևորել է այն փաստը, որ ինքը հանդես է գալիս հայտնի երաժիշտների հետ:

Գասապարյան-ավագը պատմել է իր թոռան մասին` հավաստիացնելով որ Ջիվան Գասպարյան-կրտսերը շատ հայտնի է ԱՄՆ-ում:

«Ես նրան Երևան բերեցի, որ հայկական երաժշտության մեջ ավելի շատ խորանա»,- ասել է Գասպարյան-ավագը:

Մաեստրոն նշել է, որ իր թոռը լավ պայմաններից չէ, որ գնացել է ԱՄՆ:

Գասպարյան-ավագը հիշեցրել է, որ ինքը ևս ժամանակին իր ընտանիքը հավաքել է և գնացել ԱՄՆ, քանի որ «իրենց այստեղ բանի տեղ չէին դնում»: Նրա խոսքով` իր ինքնասիրությունը թույլ չտվեց, որպեսզի նա որևէ մեկին դիմի իրեն օգնելու համար:

Սակայն վարպետը չի դժգոհել ժողովրդից` նշելով, որ «ինձ վատ աչքով չեն նայում»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր թոռը ռեստորաններում է նվագում, ինչպես շատ երգիչներ, որոնք իրենց համարում են աստղ` Գասպարյան-ավագն ասել է.

«Ջիվանը միռավոյ տղա է, դաստիարակված. «էս գործը կպցրինք» և այլն` նա այսպիսի բաներ չի հասկանում: Բայց եթե ընկերական շրջապատում խնդրում են մի բան նվագել, իհարկե, նվագում է»: