հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ջիվանը պաշտպանել է «ջահելիկ աղջիկ» Սիրուշոյին և «հրաշալի տղա» Ծառուկյանին

Ջիվանը պաշտպանել է «ջահելիկ աղջիկ» Սիրուշոյին և «հրաշալի տղա» Ծառուկյանին

Արտիստը մեղք չունի, եթե նվերը տալիս են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Տաշիր-2011» մրցականակաբաշխության ժամանակ հայ «աստղերին» մատուցված շքեղ նվերների մասին, ասել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

«Մենք այսօր լավ տղաներ ունենք, հարուստ, որ ապրում են Ռուսաստանում և Երևանում, այս մարդիկ, եթե լավ բաներ են ուզում անեն երկրի համար, ինչի՞ ենք մենք դժգոհում և շուռ ենք տալիս ձևը: Խոսակցությունը պիտի լինի ճշմարիտ, այսինքն` ով արժանի է, ով արժանի չի, դա լրիվ ուրիշ թեմա ա: Բայց եթե, ասենք, Գագիկ Ծառուկյանը, հրաշալի տղա, ամեն ինչ անում ա, սպորտսմեններին էդքան օգնում, էդքան լավ-լավ բաներ ա անում, ամբողջը իրա անունով երդում են ուտում,  անկեղծ եմ խոսում, ի՞նչ վատ բան ա անում այդ մարդը: Ասում են` էդքան փող ունի, ոչ մեկի գործը չի, թե ով ինչ ունի»,- պաշտպանել է Ջիվան Գասպարյանը:

Խոսելով, մասնավորապես, Սիրուշոյի մասին, որին մրցանակաբաշխության ժամանակ նույնպես բնակարան նվիրեցին, Ջիվան Գասպարյանն առաջարկել է նրան չդիտարկել որպես Ռոբերտ Քոչարյանի հարս:

«Նայեք նրան իբրև Սիրուշո, ջահելիկ աղջիկ, սիրուն  երգում ա, ո՞վ ա իրանից լավ երգում: Մենք չգիտենք` վաղը ինչ կարող է  լինել: Երեխուն նվեր են տվել,  ուրախանանք, ինչ ա եղել», – ասել է դուդուկահարը:

Հայաստանի այսօրվա իրավիճակում նման շռայլ նվերներն արդյոք շքեղություն չե՞ն և արդյո՞ք նվերներ ստացողները չպետք է հրաժարվեին բնակարաններից`  տալով դրանք անօթևաններին, հարցերին  Ջիվան Գասպարյանը պատասխանել է. «Դրանով կվիրավորեին, տղաների դուխները կկոտրվեր: Շատ վիրավորական կլիներ: Ինձ նվեր է տվել այդ մարդը, ես էլ վերցնեմ ուրիշին տա՞մ: Այդ մարդը չի՞ ասի` ընկեր Գասպարյան, դու իմ փողով ուրիշին նվեր ես անում: Սա մեծ վիրավորանք է: Դա տգիտություն է»,- համոզմունք է հայտնել Գասպարյանը: