Միլի Մեջլիսի այսօրվա նիստի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները քննարկում էին Ղարաբաղի մայրաքաղաքում օդանավակայանի բացման և չվերթների իրականացման հետ կապված հարցեր:
«ԱՊԱ»-ի փոխանցմամբ` պատգամավոր Ազայ Գուլիևը հայտարարել է, որ, թեև «ադրբեջանական կողմը հայերին համապատասխան պատասխան է տվել, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի դիրքորոշումն այս հարցում այնքան էլ արդար չէր»:
«Դեռ ավելին` դեսպանն իր ելույթում փորձել է զուգահեռներ անցկացնել դեպի Նախիջևան իրականացնող ադրբեջանական ինքնաթիռների չվերթների և Հայաստանից դեպի օկուպացված տարածքներ իրականացվելիք թռիչքների միջև: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նման սխալներ չպետք է թույլ տան իրենց հայտարարություններում»,- հայտարարել է պատգամավորը:
Պատգամավոր ֆազայիլ Աղամալին մեղադրել է Բրայզային կողմնապաշտության մեջ. «Նա դեռ չի հանել իր վրայից հայամետ վերարկուն: Կարծում եմ, որ Մեթյու Բրայզան պետք է հետևի իր մեկնաբանություններին»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում օդանավակայան բացելու մասին հարցին դիվանագետն ավել վաղ հայտարարել էր. «Թող համանախագահներն այցելեն տարածաշրջան և իրենց գնահատականը տան: Դա ճիշտ կլինի: Կարող եմ ասել, որ Ադրբեջանից ու Նախիջևանից ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով, և դա ընդունելի է համարվում»: