Home / Հայաստան / Հայաստանում խախտվում է աշխատանքային օրենսգիրքը. զեկույց

Հայաստանում խախտվում է աշխատանքային օրենսգիրքը. զեկույց

2010 թվականի ընթացքում Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված 30000 դրամ նվազագույն աշխատավարձ չէր կարող ապահովել ապրուստի անհրաժեշտ որակ մեկ աշխատողի կամ ընտանիքի համար: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում

«Հայաստանի օրենքի համաձայն, աշխատանքային շաբաթը կազմում է 40 ժամ, աշխատողը իրավունք ունի տարեկան 28 օր արձակուրդ ստանալ և լրացուցիչ վարձատրվել գիշերային կամ աշխատանքային ժամերից հետո իրականացվող աշխատանքի համար: Գործնականում հայաստանյան իշխանությունները չեն կարողանում ապահովել այս ստանդարտների իրականացումը: Մասնավոր հատվածի բազմաթիվ աշխատողներ չեն կարողանում բավարար վաստակել ապրուստն ապահովելու համար, շատերն աշխատում են 8 ժամից ավել առանց լրացուցիչ վարձավճարի», – ասված է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպը նշում է, որ աշխատանքի տեղավորման գործակալությունների ներկայացուցիչները տեղեկացնում են, որ Հայաստանում լայն տարածում ունի հետևյալ փորձը. ընկերությունները «վարձում են» մարդուն փորձնական 10-ից 30 օր ժամանակահատվածով, ապա հրաժարվում աշխատողից առանց վճարելու: Այդ աշխատողները հնարավորություն չունեն պահանջել իրենց հասանելի գումարը, քանի որ «փորձնական» հատվածի ընթացքը չի փաստաթղթավորվել:

Զեկույցի հեղինակները հատուկ կետով անդրադառնում են նաև երեխաների աշխատանքին վերաբերող Հայաստանում առկա խնդիրներին:

«Հայաստանում երեխաները կարող են սկսել աշխատել 16 տարեկանից, կամ 14, եթե առկա է ծնողի կամ խնամակալի թույլտվությունը: Համաձայն մասնագետների, երեխաները շատ հաճախ ներգրավված են ընտանեկան բիզնեսներում, գյուղական շրջաններում՝ գյուղատնտեսության մեջ: Հայաստանում երեխաները փողոցներում նկարներ կամ ծաղիկներ են վաճառում, ինչպես նաև առևտուր են անում, հավաքում և հանձնում են շշեր և մետղային իրեր», – ասված է զեկույցում:

Հեղինակները նաև մեջբերում են ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի 2008 թվականի զեկույցը, որում նշված է, որ Հայաստանում աշխատաող երեխաների մեկ երրորդը օրենքում ամրագրված տարիքից ավելի փոքր են, գրեթե բոլոր աշխատող երեխաները չունեն աշխատանքային պայմանագրեր և նրանց մի մասը ներգրավված է ծանր ֆիզիկական աշխատանքներում: