ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Նախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը և ընդգծել, որ ՉԺՀ-ի ներգրավվածության մեծացումը մեր տարածաշրջանում միայն կնպաստի խաղաղության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Մեր ժողովուրդներին դեռևս հարյուրամյակներ առաջ միմյանց հետ կապել է մետաքսի ճանապարհը, և մենք այսօր ուրախությամբ ենք փաստում, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են ամուր հիմքի վրա և մեծ հեռանկար ունեն: Տարածաշրջանում մենք Հայաստանը դիտում ենք իբրև վստահելի ու կարևոր գործընկեր», – ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Նշվել է, որ չինական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ` մասնակցելու Երևանում անցկացվելիք հայ-չինական գործարար համաժողովին, որը նպատակ ունի նպաստել գործարար շփումների ակտիվացմանը, քննարկելու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը: Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ արդեն 12 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սերտորեն համագործակցում է, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: