Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը փաստաբանների միջոցով դիմել է դատարան` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը փոխելու պահանջով:
Ինչպես փաստաբան Արթուր Գրիգորյանը փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին, Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը իր դեմ հարուցված գործը կարճել է ոչ թե հանցակազմի բացակայության, այլ ապացույցների անբավարարության հիմքով:
«[Սուքիասյանը] կարճման շարժառիթներին համաձայն չէ», – ասաց Գրիգորյանը:
Գործով դատաքննությունը դեռ չի սկսվել:
2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Հատուկ քննչական ծառայության որոշման մասին հայտնի դարձավ այս տարի փետրվարին: Սուքիասյանի փաստաբաններն անմիջապես դիմեցին Դատախազություն` բողոքարկելով կարճման հիմքերը: Դատախազությունից մերժում ստացան, և այդ մերժումը որակելով «անօրինական»` այժմ խնդիրը փորձում են լուծել դատական կարգով:
Նրա շահերի պաշտպանները, ինչպես նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շարունակում են հայտարարել, որ «ապացույցների անբավարարության» հիմքով գործը կարճելու նախաքննական մարմնի որոշումը անհիմն է, քանի որ Խաչատուր Սուքիասյանը որեւէ հանցանք չի գործել, հետեւաբար գործը պետք է կարճվեր «հանցակազմի բացակայության» հիմքով:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում, ըստ էության, չի ներկայացվել որևէ ապացույց, որ Խաչատուր Սուքիասյանը կատարել է հանցագործություն` իրեն մեղսագրված հոդվածներով», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Եթե դատարանը մերժի Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպանների դիմումը, այս մասով բողոքը ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՀԱԿ համակարգող Լևւոն Զուրաբյանն էլ «բնական» համարեց, որ իշխանությունները չեն ուզում ընդունել, որ Խաչատուր Սուքիասյանի գործողություններում հանցակազմ չի եղել:
«Բնական է, որ, օգտագործելով իրենց կողմից մանիպուլացվող այս իրավապահպան մարմինները եւ դատական համակարգը, իշխանությունները դեռ փորձում են հետեւել իրենց հին մարտավարությանը, այսինքն այդ ապօրինությունների համար մեղավորությունը բարդում են ընդդիմության վրա: Խաչատուր Սուքիասյանի դեպքը հենց նման մի դասական դեպք է, երբ ռեժիմը, ըստ էության, հալածանքներ սանձազերծեց այն ձեռնարկատերերի դեմ, որոնք որեւէ կերպ աջակցեցին շարժմանը, և շարունակվող հալածանքները ընդամենը այդպիսի մեսիջ է բոլոր ձեռնարկատերերին», – ասաց Զուրաբյանը: