Home / Հայաստան / «Ի՞նչ է անունդ ձախողում». Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մասին

«Ի՞նչ է անունդ ձախողում». Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակել է «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 5-ին «Արթիկ» ՔԿՀ-ի մենախցում գրված «Ի՞նչ է անունդ ձախողում» հոդվածը, որում նա անդրադառնում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարվան: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սերժ Սարգսյանի` Բաղրամյան 26-ում պաշտոնավարման երեք տարիները գնահատելուց հեշտ բան աշխարհում չկա. դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բառ օգտագործել` ձախողում: Ուրիշ արդյունքի ոչ ոք առանձնապես չէր էլ սպասում, նույնիսկ եթե ինչ-որ մարդիկ սպասում էին, ի սկզբանե պետք է հասկանային , որ ապօրինի ճանապարհով Բաղրամյան 26-ում հայտնվածը, ինչ էլ լինի նրա անունը , միայն մեկ արդյունքի կարող է հասնել. ձախողման:

Կա՞ արդյոք չափազանցություն իմ այս գնահատականի մեջ: Եթե որևէ մեկը այդպես է կարծում, թող հիշատակի մի ասպարեզ, որտեղ չի ձախողվել Սերժ Սարգսյանը: Ոմանք կարող են ասել, որ նա երեք տարի կարողացել է պահել իշխանությունը: Խնդիր չկա, Հիտլերն էլ 12 տարի է պահել իշխանությունը, Քադաֆին` 44 տարի: Արդյունքը, սակայն ո՞րն է. ձախողում: Եթե գնահատում ենք երկրի բարձրագույն պաշտոնին  հայտնված անձի գործունեությունը, պետք է գնահատենք այն, ինչ երկիրը ստացել է այդ պաշտոնավարման արդյունքում: Երկիրը, ոչ թե այդ պաշտոնյայի հարազատ-բարեկամները, փեսա-օրթախները:

Ու եթե այսպես ենք նայում խնդրին, հասկանալի է դառնում ու աներկբա, որ ձախողումն այն միակ բառն է, որ անասելի դիպուկ է բնորոշում Սերժ Սարգսյանի եռամյա պաշտոնավարումը: 2008-ին Բաղրամյան 26-ում հայտնվելով` Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքացու ամենամեծ պահանջը արդարության պահանջն է: Հայաստանի քաղաքացին այսօր արդարության զգացումից շարունակաբար շնչահեղձ է լինում, և «Տաշիրի» խրախճանքին հայ հանրության արձագանքը այս իրողության պերճախոս ապացույցն է:

Ի՞նչ արդյունք է գրանցել Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու բնագավառում: Ձախողում: Գյուղատնտեսությո՞ւն: Ձախողում:  Սոցիալական ապահովություն և աղքատության կրճատո՞ւմ:  Ձախողում:  Արտագաղթի մեծացո՞ւմ: Ձախողում: Քաղաքացիների վստահություն վաղվա օրվա նկատմա՞մբ: Ձախողում: Խոսքի և մամուլի ազատությո՞ւն: Ձախողում. Հիշեք «Ա1+»-ի հետ տեղի ունեցածը և տպագիր լրատվամիջոցներին սնանկացնելուն ուղղված «Խաչակրաց պատերազմը»: Կադրային քաղաքականությո՞ւն. ձախողում: Եթե որևէ մեկը այս կետի հետ համաձայն չէ, թող ինձ ապացուցի, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որևէ բանով տարբերվում է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արված իր նախորդից` Գևորգ Դանիելյանից: Նույնը վերաբերվում է նաև երևանի նախկին և ներկա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և Կարեն Կարապետյանին: Դե` Տիգրան Սարգսյանի, Սերգո Կարապետյանի մասին չեմ խոսում:

Իսկ ֆինանսերի նախարար Վաչե Գաբրիելյանի բացառիկ արժանիքների մասին խոսում է այն, որ նա` օրերից մի օր, դոկտրսկի կալբաստ է առել իրենց շենքի կողքի խանութից, ու դա նկատել է ու նկարել է Գագիկ Շամշյանը: Գագիկ Շամշյանին ֆինանսների նախարարության դռնից ներս թողեք` նա այնպիսի բաներ կնկարի, որ այլևս երբեք դոկտրսկի կալբաստ վայ թե չուտենք:

Շարունակե՞նք Սերժ Սարգսյանի ձախողումներիկ ցանկը. Ֆուտբոլային դիվանագիտություն, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքար, մարզերի համաչափ զարգացում: Ինչի վրա ուզում եք մատ դրեք. արդյունքը մեկն է. ձախողում:

Ոմանք մեծ հաջողություն են համարում այն, որ Սերժ Սարգսյանը չի հանձնել Ղարաբաղը: Ուղիղ չեն ասում, բայց ասածներից այդպես է ստացվում: Սկզբունքորեն ճիշտ են, ու եթե այդկերպ մոտենանք խնդրին` Սերժ Սարգսյանը շատ մեծ հաջողությունների է հասել: Ոչ միայն Ղարաբաղը չի հանձնել, այլև Մեղրին, Ղափանը, Գորիսը, Սիսիանը, Վայքը, Եղեգնաձորը, Սևակավանը, Երասխը, Սուրենավանը, Արարատը, Արտաշատը, Մասիսը…

Չեմ շարունակում այս հաջողությունների թվարկումը, որովհետև, անկեղծ ասած` վախենում եմ աչքով տալ»: