Home / Հայաստան / ՀՖՖ նախագահը խոսել է Հայաստան-Ռուսաստան խաղի մասին

ՀՖՖ նախագահը խոսել է Հայաստան-Ռուսաստան խաղի մասին

Հաշվից, իհարկե, դժգոհ եմ: Մենք երկու շատ կարևոր միավոր կորցրեցինք ու չգիտեմ, թե դրա համար հետո ինչ գին ենք վճարելու: Խոսելով Եվրո-2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին կայացած Հայաստան-Ռուսաստան խաղի մասին` «Առավոտ» օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ռուսաստանի հավաքականը, այո, հզոր ուժ է: Բայց ես հիմա էլ այն կարծիքի եմ, որ մեր ընտրանին թույլ թիմ չէ և սեփական դաշտում չհաղթելու իրավունք չուներ: Առաջին 18 րոպեներին տղաները փայլուն խաղացին: Հետո խուճապ սկսվեց: Իզուր չէր, որ խաղից առաջ բոլորին խնդրում, հորդորում էի` հավաքականին հանգիստ թողնել, որպեսզի իր գործով զբաղվի, ֆուտբոլիստներին խուճապի մեջ չգցել: Երբ տղաների հետ խոսում էի, զգացվում էր, որ պատասխանատվության զգացումը, անպայման հաղթելու ցանկությունը շատ մեծ է: Ես ամենից շատ սպասելիքներ ունեի Մարկոսից: Նա հանդիպմանը մի այլ կերպ էր պատրաստվում: Բայց այդ մթնոլորտում, այդ աուրայի մեջ չէր խաղացել, չստացվեց: Հանգստից հետո մեր թիմը հավաքվեց, ճիշտ, գեղեցիկ ֆուտբոլ խաղաց: Յուրի Մովսիսյանը, չնայած վնասվածք, ցավեր ուներ, հերոսի պես խաղաց` վազեց, պայքարեց: Խայտառակություն էր Մանուչարյանի և Մալաքյանի խաղը: Մյուսները լավ խաղացին: Պարզապես, խուճապային 25 րոպեն շատ խանգարեց: Եկեք չմոռանանք նաև, որ բացի Բերեզովսկուց ու Հովսեփյանից, դաշտում երիտասարդներ էին`19-20 տարեկան տղաներ: Մեր հավաքականը ոչ մի օղակում նրանց չէր զիջում: ռուսների առավելությունը նրանց ֆուտբոլիստների փորձն էր ու պահեստայինների նստարանին նրանց դարպասապահը: Այդ օրվա համար մեր թիմից հանում եմ միայն Մանուչարյանին և Մալաքյանին: Սարգիս Հովսեփյանը միաժամանակ պահում էր և Արշավինին, և Ժիրկովին, Մալաքյանին: Հիշեք`Ռուսաստանի հավաքականում Կառլեն Մրկտչյանի նման պայքարող ու գնդակ խլող կա՞ր: Պարզապես, հայ Ֆուտբոլիստներն աշխարհում անուն չունեն և մեզ միայն դա է պակասում», – ասել է Հայրապետյանը:

Նա նաև անդրադարձել է ֆրանսիական «ՊՍԺ» կաւոմբում հանդես եկող դարպասապահ Ապուլա Էդիմա Բետե Էդելին, ով 2004-2005 թվականների ընթացքում խաղացել է Հայաստանի հավաքականում: Հայրապետյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ն բանակցում է Բետեին հավաքական վերադարձնելու մասին:

«Մեկնել եմ, բանակցությունները շարունակվում են: Ամենայն հավանականությամբ`կգա», – ասել է Հայրապետյանը` հավելելով, որ Ռուսաստանի հետ պատասխան հանդիպման ժամանակ Բետեն կարող է նստել պահեստայինների նստարանին:

Հիշեցնենք, որ 2005 թվականին Բետեն հեռացել էր Երևանի «Փյունիկից»` խախտելով պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: «Փյունիկը» դիմել էր Միջազգային մարզական իրավարարական դատարան, որը պարտավորեցրել էր դարպասապահին և նրա հետ պայմանավորվածության մեջ մտած Բուխարեստի «Ռապիդ» ակումբին գումարն վճարել` պայմանագրի միակողմանի խզման համար: