«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ, զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը պատրաստվում է դատի տալ «Հրապարակ» օրաթերթին:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է. «Ես պահանջելու եմ բաց դատ անցկացնել: Ես հարգում եմ լրագրողներին, 13 տարի ես ոչ մեկին մատով չեմ կպել, բայց այդ թերթը արատովորում է մեր` երկրին իրենց որդիներին տված մայրերի անունները, մեր սև զգեստը: Ինձ բոլորը ճանաչում են, բանակում էլ ինձ գիտեն, և ես պահանջելու եմ վերականգնել իմ պատիվն ու արժանապատվությունը: Իրենք այսօր ապրում են մեր երեխաների կյանքի գնով: Մենք թույլ չենք տա վարկաբեկել զոհվածների հիշատակը»:
Նշենք, որ տիկին Մարգարիտայի խմբագրություն այցելության պատճառը եղել է «Հրապարակի» երեկվա համարում տպագրված լուրը, թե պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ ծեծի:
«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանն առաջարկում է տեղի ունեցածի իր տարբերակը: «Տիկին Մառոզը երեկ այցելել էր «Հրապարակի» խմբագրություն: Այս դեպքում խմբագրություն էր եկել մի փողոցային կին՝ իր շքախմբով, ում նպատակը մեզ վախեցնելն էր, հայհոյելը, վիրավորելը, վնասելը: Այն սեռական հայհոյանքները, որ հնչեցին նրա շուրթերից, հավանաբար միայն բերդերում ու զորամասերում են հնչում՝ տղամարդկանց կողմից, և միայն այն դեպքում, երբ մոտակայքում կանայք չկան:
Այն սպառնալիքները, որ հնչեցնում էր նա, միայն հանցագործներն են հնչեցնում ու մարդասպանները: Այն անեծքները, որ նա էր տեղում թերթի աշխատակիցների հասցեին, միայն դժբախտ, նողկալի մարդիկ են ասում:
Տղամարդկանց ծեծելու սովոր այդ կինը, որին մեր իշխանությունները հետևողականորեն աճեցրել են ու երես տվել, որոշել էր այս անգամ իր ուժը փորձել լրագրողների վրա:
Մի կին, որ կարող է շահարկել իր որդու մահը և պահանջել, որ իրեն հավերժ վճարեն ու հարգեն, քանի որ ինքը զոհ է տվել, առողջ հասարակության կողմից պետք է դատապարտվի: Մի ՀԿ-ի ղեկավար, որ կարող է ձեռք բարձրացնել լրագրողի վրա, պետք է մերժվի ու դատապարտվի բոլորի կողմից, այդ թվում՝ այն կառույցների, որոնք ֆինանսավորում են սրա նմանների գործունեությունը», – մասնավորապես, ասված է պարբերականի խմբագրականում:
Ի դեպ, նշենք, որ միջադեպի կապակցությամբ Արմինե Օհանյանը ոստիկանությունում ցուցմունք է տվել:
Լուսանկարը` zinvorhk.wordpress.com-ից