Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այցերի նպատակը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելն է, գրում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
«Ապրիլի 11-ին Նուբարաշեն վարչական շրջանի թ.125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի և ճաշացանկի կոպիտ խախտումներ։ Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները՝ վարչական շրջանի ղեկավարի հրամանով թ.125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից։
Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երևանի հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել 72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել։
Բացի այդ, «Ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը» դրված չի եղել գործածության մեջ։ Երեխաների բացակայությունը որևէ փաստաթղթով չի հիմնավորվել։
Ապրիլի 14-ին և 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել։
Հիմք ընդունելով արձանագրված խախտումները` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով հ.152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը հեռացվել է աշխատանքից», – ասված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։