«Հաշվի առնելով, որ 2009-2011 թթ. Սփյուռքի նախարարության հետ մեր հարաբերությունները հիմնված են եղել ոչ թե երկու իրավաբանական անձերի համագործակցության վրա, այլ ստորադաս-վերադաս կազմակերպությունների հարաբերությունների, և բազմաթիվ որոշումներ, իրավական հիմք չունենալով, պարտադրվել են հիմնադրամին, որից ես, ըստ էության, հրաժարվել եմ, ես ոչ նպատակահարմար եմ համարում իմ հետագա գործունեությունը հիմնադրամի հիմնադիր տնօրենի պաշտոնում»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր որոշումն է ներկայացրել կառավարության ենթակայության տակ գործող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը:
2009թ. վերոնշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պողոսյանի խոսքով` վերջինիս` հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելուց էլ սկսվել է խախտումների շարքը: Ըստ նրա` կոնֆլիկտն սկսել է նրանից, որ Հրանուշ Հակոբյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2010 թվականին «50 ծրագրերի կատարում գրում է հիմնադրամի վրա»:
Այդ որոշման տակ Թամարա Պողոսյանը չի ստորագրել, քանի որ, նրա խոսքով, ութ աշխատակիցներով իրենք չէին կարող այդքան միջոցառում իրականացնել:
«Չստորագրեցի: Իրենք հերթով պիտի գրեին, ես էլ ստորագրեի: Փողեր լվանալու սխեմա էր ձևավորվել, որը չիրականացավ»,- ասել է Պողոսյանը: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ Հակոբյանի որոշմամբ հիմնադրամը պետք է ներկայացներ ֆինանսական հաշվետվությունը, ծախսը, հաջորդ տարվա ծրագրերի նախագծերը:
Այդ ընթացքում Թամարա Պողոսյանի առողջությունը վատացել է, և նա ստիպված է եղել մեկ և կես ամիս մնալ հիվանդանոցում: Նիստը կայացել է առանց հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցության, որի ժամանակ էլ Հակոբյանը տարբեր որոշումներ է ընդունել, այդ թվում` հիմնադրամին հատկացված գումարից 12 միլիոն տրամադրել այլ հասարակական կազմակերպությունների: Այս ամենի հետ չհամաձայնելով`Թամարա Պողոսյանը տեղի ունեցածի համար ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրան ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ասել, որ խնդրի մասին կզեկուցի Սերժ Սարգսյանին:
Պողոսյանը մինչ օրս Սերժ Սարգսյանից պատասխան չի ստացել: Խնդրին լուծում տալու նպատակով` նա դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին:
Անհնազանդության համար Հրանուշ Հակոբյանը որոշում է պատժել և որպես իրավաբանական սուբյեկտ իր ճանապարհից հեռացնել հիմնադրամի գործադիր տնօրենին և գործող աշխատակազմին, համոզված է Պողոսյանը:
«Սրա լավագույն կարճ և ամենագործնական ճանապարն է հիմանդրամի գործադիր տնօրինությանը զրկել 2011 թվականի աշխատավարձի ֆոնդից և հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերից:
Սփյուռքի նախարարության կողմից այդ գումարը կրճատվում է և որպես բյուջետային հայտ ներկայացվում է Հայաստանի կառավարության 2011 թվականի բյուջետային հայտը, ըստ էության, մնացած մոտավորապես 2.5 միլիոնը մնում է Սփյուռքի նախարարության բյուջեում», – հայտարարել է բանախոսը: Նրա խոսքով` հիմնադրամի աշխատակազմը չի ստացել վերջին երեք ամիսների աշխատավարձը, և նա ակնկալիքներ չունի, թե այն կստանա չորրորդ ամսվանը:
Ըստ Թամարա Պողոսյանի` փետրվար ամսին վարչապետի վերահսկողության ծառայության կողմից երկու ֆինանսական ստուգում է իրականացվել, որոնց արդյունքում ոչ մի չարաշահում և անօրինականություն արձանագրված չի եղել:
«Համարում եմ այս գործընթացն ավարտված, ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասելիք, իրավիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն լինել չի կարող», – եզրափակել է Թամարա Պողոսյանը:
Լուսանկարը` reporter.am-ի