Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի նկատմամբ 2007 թվականին իրականացված սպանության մանրամասները հետազոտող Թուրքիայի նախագահին կից գործող Պետական վերահսկողական ծառայության (DDK) ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ այցելել են Դինքի կնոջը`Ռաքել Դինքին և ի գիտություն են ընդունել տվյալ կառույցի վերաբերյալ նրա բողոքները, հայտնում է Today’s Zaman-ը` հղում կատարելով Milliyet օրաթերթի վրա:
Պարբերականը նշում է, որ DDK-ի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն բազմաթիվ անհատների են լսել, որոնք կարող էին Դինքի սպանության մանրամասների վրա որոշակի լույս սփռել, սակայն Ռաքել Դինքի հետ հանդիպման ընթացքում, վերջինս ևս մեկ անգամ իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան այդպես էլ չի կարողանում բացահայտել Հրանտ Դինքի սպանությունը:
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս խոսել են հետաքննության ընթացքում տեղ գտած խնդիրների մասին:
Բացի ուժային կառույցների, որոնք, ինչպես պարզել է հետաքննությունը, տեղյակ են եղել ծրագրվող սպանության մասին, անուշադրության հանգամանքից, փաստաբանները մեղադրում են ոստիկանությանը որոշ կասկածյալներին պաշտպանելու նպատակով էական վկայությունները թաքցնելու մեջ:
Ըստ Milliyet-ի, նախագահ Գյուլը հետևում է DDK-ի կողմից նախաձեռնած առանձին հետաքննությանը և տեղեկացված է ծառայության կողմից իրականացվող աշխատանքների յուրաքանչյուր փուլի մասին: Նրան նաև պատմել են Ռաքել Դինքի հետ հանդիպման մանրամասները: