Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այս շաբաթվա ընթացքում Epress.am-ը ներկայացնում է Փաշինյանի պատասխանները:
Հարց.
Ինչո՞ւ է Ձեր անազատությունն այդքան սկզբունքային հարց Հայաստանի իշխանության համար:
Պատասխան.
Իսկ ինչո՞ւ է Հայաստանի ցանկացած քաղաքացու անազատությունը այդքա’ն սկզբունքային հարց Հայաստանի իշխանության համար: Նույն պատճառով էլ իմ ազատության հարցն է իշխանության համար այնքա~ն սկզբունքային: Առանձնակի տարբերություն չեմ տեսնում իմ և ասենք, օրինակ, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի որևէ բնակչի իրավունքների և ազատությունների նկատմամբ գործող վարչախմբի ցուցաբերած վերաբերմունքի միջև: Բռնակալական իշխանությունը ցանկացած քաղաքացու մեջ վտանգ է տեսնում, որովհետև հենց այդ քաղաքացուց է գողացել իշխանությունը, իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքը, որ նրան է պատկանում ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի ուժով: Եվ ուրեմն`իշխանությունն ամեն ինչ անում է, որ կողոպտված, իրավազուրկ դարձած քաղաքացին սեփական իրավունքներին տեր կանգնելու հնարավորություն չունենա: Չկարողանա պատասխան պահանջել իշխանությունը բռնազավթողներից: Դրա համար էլ, հիմա ես «Արթիկ» ՔԿՀ-ում եմ, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչն էլ քշված է Ռուսաստան`արտագնա աշխատանքի: Մնացողներն էլ` ազատազրկված են իրենց տներում, պատժի կրման պայմանները խստացնելու մշտական սպառնալիքի ներքո:
Այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, մեծ հաշվով`այսպես թե այնպես`տեղի է ունենում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, ուղղակի նրանցից ոչ բոլորն են թերթի գլխավոր խմբագիր կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ և նրանց հետ տեղի ունեցածը, ցավոք, միշտ չէ, որ արժանանում է այնպիսի ուշադրության, ինչպիսի ուշադրության իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են արժանանում: