ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է մայիսի 11-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանական կողմից արձակված գնդակից ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում սպանվել է Հադրութի շրջանի Քյուրաթաղգյուղի բնակիչ Արայիկ Բալասանյանը:
«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին` սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:
Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլև ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը», – համաձայն ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության ասել է Տիգրան Բալայանը: