Երևանի Արցախի պողոտայում վթարի ենթարկված 76 երթուղու «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան չի խախտել օրենքը, քանի որ մինչև մայիսի 20-ն այն գործում է պայմանագրի շրջանակներում: Այս մասին Epress-ի հետ զրույցում ասել է Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Ավելի վաղ քաղաքապետարանում բողոքներ էին ստացվել, որ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից որպես փոխադրավարձ ուղևորներից գանձվել է 200 դրամ: Երթուղին սպասարկող ընկերության տնօրենը հաստատել էր այդ փաստը, ինչը ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի պարտավորության խախտում էր:
Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները` Երևանի քաղաքապետի որոշմամբ ս/թ. մայիսի 20-ից լուծված են համարվել նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, և վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից։
Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերությանը հանձնարարվել է մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, թ. 76 երթուղիում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ: