Այս պահի դրությամբ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որևէ չվերթ չի հետաձգվել Իսլանդիայում շաբաթ օրը ժայթքած հրաբխի հետևանքով։
«Մենք աշխատում ենք։ Եթե միջազգային ավիաընկերությունների չվերթները հասնում են «Զվարթնոց», պատրաստ ենք նրանց սպասարկել։ Առայժմ փակվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը, որտեղից մենք ընդամենը 1 չվերթ ունենք», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի միջազգային ավիաուղիներ ընկերության խոսնակ Գեւորգ Աբրահամյանը։
Այսօր ավելի վաղ Եվրոպական օդային երթևեկության գործակալությունը (Եվրոկոնտրոլ) հայտարարել էր, որ Իսլանդիայում ժայթքած Գրիմսվոտն հրաբխից տարածվող մոխրի հսկայական ամպի պատճառով շուրջ 500 եվրոպական չվերթ կարող է չեղյալ հայտարարվել, դրանցից 252-ը արդեն իսկ հետաձգվել են։ Հրաբխային մոխիրն այսօր հասել է Իռլանդիա, Շոտլանդիա եւ Սկանդինավիա եւ շարունակում է տարածվել անկանխատեսելի ուղղություններով։
Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում անցած տարվա քաոսային իրավիճակի կրկնությունը։ 2010-ի ապրիլին Իսլանդիայում մեկ այլ՝ Էյաֆյալլայոկուլ հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայում 6 օր շարունակ կասեցվել էր օդային հաղորդակցությունը, փակվել էին նաև Երեւանը Եվրոպայի հետ կապող երթուղիները։