Home / Հայաստան / Ընդդիմությանը վիրավորում են իշխանության հետ «բազարի» մասին զրույցները

Ընդդիմությանը վիրավորում են իշխանության հետ «բազարի» մասին զրույցները

«Եթե անգամ բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն, թեման չի փակվում: Այն մարդիկ, ովքեր քաղբանտարկյալ են առաջացրել, պատժվելու են: Երկխոսության առումով էլ ոչինչ չի փոխվել, երկխոսությունը լինելու է իշխանափոխության վերաբերյալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

«Երկխոսության այն պայմանները, որոնք մենք դրել ենք, կատարվելու դեպքում երկխոսություն կարող է լինել նախագահական, պառլամենտական արտահերթ ընտրությունների մասին: Մեր դիրքորոշման, մեր ռազմավարության մեջ ոչիչ չի փոխվել»,- ասել է Արամ Մանուկյանը:

Բանախոսի խոսքով` եթե ժողովուրդը նույն թափով չշարունակի, երկխոսություն կոչվածը իշխանության կողմից միակողմանի կդադարեցվի: «Մեր գրագետ, հզոր շարունակական պայքարի արդյունքում է, որ մենք հասնում ենք այս արդյունքին: Իշխանությունը ամենևին ցանկություն չունի իշխանությունից զրկվելու, նա ստիպված է գնում այդ քայլերին, և մենք այդ ճնշումը շարունակելու ենք և ներսում, և դրսում»,- ասել է  Արամ Մանուկյանը և հավելել, որ անցնցում իշխանությունը հանձնելու դեպքում հենց իշխանությունն է շահում:

ՀՀՇ վարչության նախագահը նաև տեղեկացրել է, որ եվրոպացիների «բարի վերաբերմունքը» ընդդիմության նկատմամբ և կոշտ դիրքորոշումը իշխանության նկատմամբ արդյունքն է  դարձյալ ժողովրդի ճնշման, և այդ մասին իրեն  խոստովանել են իր եվրոպացի գործընկերները:

Հարցին, թե արդյոք Կոնգրեսի նպատակը խորհրդարանում տեղեր ունենալը չէ, Արամ Մանուկյանը, մեջբերելով  Հրանտ Մաթևոսյանին, ասել է. «Ասում է` ատելությունը այնպիսի ոսկի է, որը մանրել և դրանով կոճակ առնել չի կարելի: Այն ատելությունը, որը ունի այս հասարակությունը այս իշխանության նկատմամբ,  հիշեք հոկտեմբերի 27, ապրիլի 12, մարտի 1, սրանք փոխհատուցվող արժեքներ չեն, և ժողովուրդը կատի այն մարդկանց, այն քաղաքական ուժին, ով կմոռանա սրանք: Եվ  Հայ Ազգային Կոնգրեսը սա շատ լավ հասկանում է, ՀՀՇ-ն` առավելապես: Ուրեմն այն արժանապատիվ ու բարոյական գանձը, որ մեր շարժումը պահում է որպես շարժում` արժանապատվություն, բարոյականություն, երբեք 20,30, 40 պատգամավորական կոճակի հետ չենք փոխի: Սա մեր ուժն է: Դա վիրավորանք  է ՀԱԿ-ին, ՀՀՇ-ին, մեր բոլոր կռված, հալածված, նստած տղերքին, երբ որ որևէ մարդու մտքով անցնում է, որ մենք կարող ենք այս իշխանության հետ «բազարի» գնալ, առևտրի գնալ` պատգամավորական տեղերի համար: Չի լինի այդպիսի բան»: