Ռազմական ճանապարհով մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը կկարողանա գրավել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններ, մասնավորապես, հարթավայրային: Սակայն մեկ ամսում խնդիրն ամբողջությամբ լուծել դժվար թե ստացվի: Այս մասին Day.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
«Համաշխարհային հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը սովորաբար մեկ ամսից ավելի չի տալիս երկրներին իրենց խնդիրները ռազմական ճանապարհով կարգավորելու համար: Այս պնդումը կարելի է ցույց տալ Իսրայելի օրինակով և Գազայի հատվածում խնդրի լուծման փորձերով»,-պարզաբանել է նա:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ նմանություն չի տեսնում ղարաբաղյան հակամարտության և պաղեստինա-իսրայելական հիմնահարցերում, «Այն ավելի մոտ է Կիպրոսի հակամարտությանը: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող անվերջանալի և անլուծելի մնալ: Դա աղետ է, որ մշտապես ճնշում է ադրբեջանցիներին: Այն կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Այն միանշանակ կթուլացնի Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում: Եվ առնվազն հենց այս հանգամանքից ելնելով` Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով կանխելու խնդրի լուծման ուժային տարբերակի ցանկացած փորձ»: