Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) պաշտոնապես հայտարարել է «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի քվեարկության արդյունքները: Համաձայն հանդիսատեսի քվեարկության արդյունքների` 223 միավորով մրցույթում հաղթող էր ճանաչվել Ադրբեջանը, իսկ ժյուրիի անդամների շրջանում 251 միավորով հաղթել էր Իտալիան, այն դեպքում, երբ Ադրբեջանը ժյուրիից 182 միավոր էր ստացել, գրում է մրցույթի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ժյուրիի կողմից առավելագույն ձայներ ստացած երկրներն են եղել Դանիան`168,Սլովենիան`160, Ավստրիան`145, Իռլանդիան`119, Ուկրաինան`117, Սերբիան`111, Շվեդիան`106, Գերմանիան`104:
Ժյուրիի քվեարկության արդյունքում նվազագույն ձայներ է ստացել Ռուսաստանը` հավաքելով ընդամենը 25 միավոր:
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին, ով մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից, ժյուրիի կողմից 33 միավորի էր արժանացել, իսկ հեռուստադիտողները Էմմիին 75 միավոր էին տվել:
Ի դեպ, Ադրբեջանը առաջին կիսաեզրափակիչում ընդհանուր միավորների քանակով երկրորդ տեղում է եղել: Առավել միավորներ է հավաքել Հունաստանը: