2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հրդեհից տուժած շենքի բնակիչները նախկին պատգամավորի զոհերն են

Օգոստոսի 7-ին Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ էր բռնկվել։ 7 բնակիչ հոսպիտալացվել էր։ 

Պարզվում է` շենքի սեփականատերը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է, ով բնակարանները մարդկանց հանձնել է, չնայած՝ շենքը «անավարտ» կարգավիճակ ունի Քաղաքապետարանում։ 

Քաղաքական գործիչը սնանկ է ճանաչվել։ Բնակիչները ստիպված են յուրաքանչյուրը մոտ 1000 դոլար գումար ներդնել՝ հրդեհից վնասված շենքը վերանորոգելու համար։ 

«Ամբողջ ծախսերը, որը որ պիտի աներ Արագած Ախոյանը կապված ՀԷՑ-ի հետ՝ օրինական լույս ունենալու համար, ընկնում են բնակիչների վրա։ Միայն պետական վճարը 17 միլիոն դրամ է․․․ Հոսանքի պարտքի պատճառով է, որ շենքն ավարտական ակտ չունի», - պատմում է բնակիչներից մեկը։

Բնակիչներից երեքն ասում են, որ հատուկ շեշտվել է՝ ով չվճարի 1000 դոլարը, իրեն լույս չեն միացնելու։ Շենքում այս պահին ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ գազ, ջուրը հասնում է միայն մինչև 4-րդ հարկ։ 

«Էն ժամանակ՝ 3 տարի առաջ, որ շենքը ավարտված չէր (մինչև այժմ անավարտ է - խմբ․), ինքը օգնություն էր ուղարկում «Սուր Անկյուն»-ով ընտանիքներին․ գաջ էր ուղարկում, քար էր ուղարկում», - պատմում է բնակիչը։