2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Ռուսաստան-Ուկրաինա

Հյուծման պատերազմ․ 143-րդ օր

Հյուծման պատերազմ․ 143-րդ օր

Ռուսաստանը կրկին փոխել է Ուկրաինայում «հատուկ գործողության» իր նպատակները։ Հունիսի 30-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնբասի գրավումն է հիմնական նպատակը և «ոչինչ չի փոխվել»։  Բայց Կիևում կրած պարտությունից հետո Ռուսաստանի նպատակը դարձավ՝ հաստատել լիակատար վերահսկողություն Դոնբասի և հարավային Ուկրաինայի վրա՝ դեպի բռնակցված Ղրիմ ցամաքային միջանցք բացելու համար, մուտք ունենալ դեպի Մերձդնեստր (ինքնավար տարածք Մոլդովայի կազմում) և ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա։  Այժմ Ռուսաստանի հիմնական ուժերը կենտրոնացված են Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։ Ըստ ռազմական փորձագետ Իվան Ստուպակի՝ Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի 60%-ը Դոնբասում է։ Վերլուծաբանների կարծիքով՝ Կրեմլը առաջադրանքներն այժմ հաջորդաբար է կատարում՝ զուգահեռաբարի փոխարեն։ Եվ եթե Ռուսաստանին հաջողվի առաջխաղացում ունենալ Դոնբասում, ապա նրան հասանելի կդառնան շատ այլ տարածքներ։ Հենց այս պատճառով է կարևոր Դոնբասի համար պայքարը։ Ռուսական բանակի գլխավոր առաջնահերթությունն այս փուլում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված և լայնածավալ գնդակոծումն է։ Վիննիցայի վրա հրթիռային հարձակումը այդ մարտավարության մի մասն է, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում: Լուգանսկի մարզ — Հուլիսի 3-ին ուկրաինական ուժերը դուրս եկան Լիսիչանսկ քաղաքից՝ ամբողջ Լուգանսկի մարզը թողնելով ռուսական վերահսկողության տակ։ Ռուսական ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում դեպի արևմուտք՝ Լիսիչանսկից Սեվերսկի վրա հրթիռակոծությունից և փորձնական հարձակումներից հետո:  Դոնեցկի մարզ — Ռուսական ուժերն այստեղ կենտրոնացած են Սեվերսկ ու Սեվերյանկա քաղաքների վրա, քանի որ ելք են բացում դեպի Կրամատորսկի ու Սլավյանսկի շրջաններ։ «Այս շրջանները հարկավոր են Իզյումիից եկող մեր եղբայրներին օգնելու համար։ Մինչև Սլավյանսկ նրանց մնացել է հաղթահարել տանկի կրակոցի հեռավորություն», - հայտարարել է Լուգանսկի ինքնավար մարզի ՆԳՆ նախարարի օգնական Վիտալի Կիսելևը։  Դոնբասում ռուսական զորքերի նպատակը դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ անցուղի բացելն է։ Բախմուտը, ամենայն հավանականությամբ, կլինի ռուսների հաջորդ թիրախը, եթե նրանց հաջողվի գրավել Սեվերսկը, վստահ է բրիտանական հետախուզությունն ու Ուկրաինայի Գենշտաբը։ Վիննիցիայի մարզ — Ռուսական ուժերը 2 օր առաջ հրթիռակոծել են Վիննիցայի կենտրոնը։ Արդյունքում զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ևս 117 հոգի վիրավորվել է։ 18 մարդ մնում է անհետ կորած։ Հիշեցնենք, որ Վիննիցիան հարավից սահմանակցում է Օդեսսայի մարզին, Մերձդնեստրին ու Մոլդովային։  Խարկովի մարզ — Այստեղ ռուսական զորքերը, ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի, դեռ կենտրոնացած են օկուպացված սահմանները պահելու և ուկրաինական բանակի առաջխաղացումը կանխելու վրա։ Այստեղ ամենօրյա ռմբակոծության տակ են Օդեսան, Նիկոլաևն ու Չուգուևը։ Մարիուպոլ — Քաղաքում մնացել է մոտ 100 հազար խաղաղ բնակիչ, ևս 50-ը՝ շրջակա գյուղերում։ Քաղաքապետարանը զգուշացնում է խմելու ջրի, դեղերի և հակասանիտարական վիճակի պատճառով քաղաքում մահացու համաճարակների մասին և ահազանգում խոլերայի առաջին դեպքերի մասին։  Հյուծման պատերազմ Ռազմաճակատի ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է փետրվարին Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակից։ Այն ժամանակ Ռուսաստանը հավաքել էր ահռելի ռազմական ուժ, և պնդում էր, որ դա ընդամենը մեծ զորավարժություն է։ Այժմ Պուտինը բացահայտ կերպով խոսում է ամբողջ ուժով ռազմական գործողությունների մասին, բայց փաստն այն է, որ ճակատային տարածքում զանգվածային խմբավորում չի նկատվում։ Ի սկզբանե Ռուսաստանը պատրաստվում էր լրիվ այլ պատերազմ մղել, քան այն ինչ կարելի էր տեսնել մայիս-հուլիսին։ Ներխուժման առաջին շաբաթներին ռուսական զորքերը փորձում էին արագ ու հզոր հարվածներով հյուսիսց ու հյուսիս-արևելքից մտնել Կիև և ճեղքել Դոնբաս։ Երբ ռուսական զորքերը պարտվեցին Կիևի մարտերում, Ռուսաստանը նրանց դուրս բերեց Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերից՝ կենտրոնացնելով ուժերը Դոնբասի մարտերի վրա։ Ապրիլի 22-ին ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Միննեկաևը հայտարարեց, որ սկսվում է հակամարտության երկրորդ փուլը, որի նպատակներն են լինելու «լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի վրա»։ Երկրորդ փուլում ռազմավարությունը փոխվեց․ հակամարտությունը արագ ու ջախջախիչ հաղթանակի հասնելու ձգտումից վերածվեց այսպես կոչված հյուծման պատերազմի, որը չունի միայն մեկ նպատակ։ Այս տեսակ պատերազմում առաջնահերթ խնդիր է դրվում նվազեցնել թշնամու ռեսուրսներն ու թուլացնել տնտեսությունը և բանակը։ «Քիչ հավանական է, որ Ռուսաստանը կարողանա գրավել Կիևը կամ մեկ այլ մեծ քաղաք՝ Խարկովը, Զապորոժիեն կամ Օդեսան»,- ասել է Ռոբ Լին Վաշինգտոնի Արտաքին քաղաքականության ինստիտուտից։ Հատուկ ուշադրության կենտրոնում են Խարկովն ու Խերսոնը, կարծում է իսրայելցի ռազմագետ Դավիդ Գենդելմանը։ «Խարկովի ուղղությամբ մենք տեսնում ենք ՌԴ ԶՈՒ խմբավորման ուժեղացում։ Դա բավական չի լինի Խարկովը գրոհելու կամ գրավելու համար, բայց բավական կլինի Ուկրաինայի ԶՈՒ մեծ խմբավորումը շղթայելու, առանձին շրջաններով քաղաք առաջխաղացման ու հրթիռահրետանային և թնդանոթային հրետանու ռմբակոծումներն ուժեղացնելու համար։ Խերսոնի ուղղությամբ մենք նույնպես տեսնում ենք ռուսական խմբավորման ուժեղացում, այդ թվում՝ Զապորոժիեից ուժերի տեղափոխման միջոցով։ Խերսոնը ռուսական պաշտպանության թույլ կետն է աշխարհագրական պատճառներով՝ պայմանավորված Դնեպրի երկու կամուրջներով մատակարարելու սահմանափակ հնարավորություններով», - ասում է Գենդելմանը։

Ի՞նչ է ցույց տալիս Ուկրաինայում ռուսական զոհերի վիճակագրությունը

Ի՞նչ է ցույց տալիս Ուկրաինայում ռուսական զոհերի վիճակագրությունը

«Մեդիազոնա» ռուսական պարբերականը մի խումբ կամավորների հետ ուսումնասիրել է Ուկրաինայում զոհված 1744 ռուսաստանցի զինծառայողների մասին (մամուլում, սոցցանցերում, պետական մարմինների պաշտոնական էջերում տեղ գտած) հրապարակումները։ Ամփոփված տվյալների համաձայն, — Հաստատված զոհերի մեծ մասը Ռուսաստանի աղքատ շրջաններից է (Դաղստան, Բուրյաթիա․․․)։ — Նրանցից առնվազն 69-ը ծնվել են 2003-2004 թվականներին (18-19 տարեկան)։ Գերակշռող մասը 21-23 տարեկան են։ Ենթադրաբար՝ կան պարտադիր ժամկետային զինծառայողներ։ — Զոհերից շուրջ 500-ը ընդգրկված էին ռուսական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումների կազմում՝ դեսանտավորներ, հատուկ ջոկատայիններ, ծովային հետևակ։ — Պսկովի և Կոստրոմայի դեսանտային զորքերը, որոնք աչքի են ընկել դեռևս 2014 թվականին՝ Ուկրաինայում Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների ժամանակ, մեծաթիվ կորուստներ են ունեցել։— Զոհվել է առնվազն 300 սպա, այդ թվում՝ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալն ու երկու գեներալ-մայոր։ — Զոհվել է ավիացիայի առնվազն 20 և ուղղաթիռի առնվազն 6 օդաչու։ — Մարտի դաշտ են նետվել նաև նրանք, ում պարտականությունների մեջ այլ պետության տարածքում պատերազմելն առհասարակ չի մտնում՝ Ռոսգվարդիայի ծառայողները, որոնք հայտնի են հիմնականում ցուցարարներին բռնության ենթարկելով։ Այս պահին հայտնի է Ուկրաինայում զոհված առնվազն 70 ռոսգվարդիականի մասին։ Խոսքը բացառապես կադրային զինվորականների մասին է․ նրանք, ովքեր կռվել են Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից, բայց ընդգրկված չեն եղել Ռուսաստանի զինված ուժերի կազմում, վիճակագրության մեջ հաշվի չեն առնվել։ Ռուսական բանակի իրական կորուստները, ենթադրաբար, գերազանցում են ոչ միայն պաշտոնական տվյալները, այլև այս թիվը․ ոչ բոլոր զոհերն են հուղարկավորվել, անգամ հուղարկավորվածների մասին ամբողջական տվյալներ չկան։ Մամուլի, տեղական վարչակազմերի, կրթական հաստատությունների հաղորդումները համակարգային բնույթ չեն կրում։ Պաշտոնական Մոսկվան կորուստների մասին նախընտրում է չխոսել։ Ավանդույթի համաձայն՝ տհաճ լուրերի մասին հաղորդելու պարտականությունը փոխանցվում է ռեգիոնալ իշխանություններին․ զոհերի մասին լավագույն դեպքում տեղեկացնում են նահանգապետերը, քաղաքապետերը, քաղաքային կամ շրջանային վարչակազմերը։ Ուկրաինա ներխուժելուց ի վեր՝ Ռուսաստանի ՊՆ-ն սեփական կորուստների թիվը միայն երկու անգամ է հրապարակել․ մարտի 2-ին հաղորդվել է 498, իսկ մարտի 25-ին՝ 1351 զոհերի մասին։ Վլադիմիր Պուտինը գերադասում է շրջանցել այս թեման․ նախագահը պատմել է առանձին զինվորների «հերոսական» մահվան մասին, խոստացել փոխհատուցել զոհերի ընտանիքներին, բայց երբեք չի նշել նրանց թիվը։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի սկզբին հայտարարել էր, թե Ռուսաստանը «զգալի» կորուստներ է ունեցել։ Պեսկովը սա «ողբերգություն» էր անվանել։ Ավելի ուշ նա ստիպված էր պարզաբանել, թե նկատի ուներ ՊՆ-ի կողմից հրապարակված վերջին տվյալները։ ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ, ռուսական կողմի կորուստները մարտի վերջի դրությամբ հասել են 10 հազարի (հայտնի չէ՝ խոսքը միայն զոհերի, թե՞ նաև վիրավորների և գերեվարվածների մասին է)։ Ուկրաինայի գլխավոր շտաբը կանխատեսելիորեն ավելի մեծ թիվ է նշում․ ռուսական բանակի մարդկային կորուստները, ըստ Կիևի, գերազանցում են 20 հազարը։ Բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկություններն այս առումով որևէ ընդհանրացման տեղիք չեն տալիս՝ ընդգծում է «Մեդիազոնան»։ Ռուսական բանակի զոհերի իրական թվի մասին հավաստի տեղեկություններ առ այսօր չկան։ Առնվազն 317 սպա է զոհվել, նրանցից 44-ը՝ փոխգնդապետի կամ ավելի բարձր կոչումով Բանակային զոհերի մասին ամեն 5-րդ հաղորդումը սպաներին է վերաբերում, ինչը չի նշանակում, որ զոհերի 1/5-րդը սպաներ են։ Հավանական է, որ ի տարբերություն շարքայինների՝ նրանց մահվան գույժն ավելի հաճախ է հանրայնացվում։ Հրապարակումների մեկ երրորդը առնչվում է բարձր անձնակազմին՝ մայորներ, փոխգնդապետներ, գնդապետներ․․․ Ապրիլի 25-ի դրությամբ ռուսական կողմը պաշտոնապես հաստատել է գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկիի (41-րդ բանակ) և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի (8-րդ բանակ) մահը։ Բացի այդ՝ Մարիուպոլի մոտ զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյը։ Ուկրաինան պնդում է, որ ներխուժման ընթացքում սպանվել են ռուսական բանակի ևս երեք գեներալ-մայորներ՝ 41-րդ բանակի շտաբի ղեկավար Վիտալի Գերասիմովը, 29-րդ բանակի հրամանատար Անդեյ Կոլեսնիկովը և 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար Օլեգ Միտյաևը։ Մոսկվան այս տեղեկությունները չի հաստատել։ Լուրեր են շրջանառվում նաև երկու գեներալ-լեյտենանտների՝ 8-րդ բանակի հրամանատար Անդրեյ Մորդվիչևի և 49-րդ բանակի հրամանատար Յակով Ռեզանցևի մահվան մասին է․ ըստ չհաստատված տեղեկությունների՝ նրանք զոհվել են Խերսոնի մարզի Չերնոբաևկա աէրոդրոմում։ «Մեդիազոնայի» ինֆոգրաֆիկայի մեջ ներառված են զոհված սպաների անուն-ազգանունները․ չհաստատված մահերը «վիճակագրության» մեջ չեն ընդգրկվել։ Օդադեսանտային զորքերը (ВДВ) մեծ կորուստներ են կրել Կիևի տակ, իսկ ծովային հետևակը՝ արևելքում․ 4 հրամանատար է զոհվել  Սպայական անձնակազմից բացի՝ ռուսական բանակը զգալի կորուստներ է ունեցել նաև զորքերում, որոնք էլիտար և առավել մարտունակ են համարվում՝ օդադեսանտային, ծովային հետևակ, հատուկ ջոկատայիններ։ Ամենաշատ հրապարակումները դեսանտավորների մասին են․ Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր զոհվել է օդադեսանտային զորքերի առնվազն 351 զինծառայող։ Ամենամեծ կորուստները, ըստ հաստատված տեղեկությունները, կրել է Կոստրոմայի՝ 331-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային հարվածային գունդը՝ առնվազն 49 զինծառայող։ Բի-Բի-Սիի տվյալներով՝ գունդը փորձել է գրոհել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և լռվել շրջանի հյուսիսային մասում (Բուչա, Հոստոմել, Իրպեն) ծավալված մարտերում։ Հաստատված զոհերից 12-ը սպաներ են։ Սպանվել է նաև գնդի հրամանատար, 40-ամյա գնդապետ Սերգեյ Սուխարևը։ Մոտավորապես նույնն է պատահել նաև հանրահայտ պսկովյան դեսանտի հետ․ 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի առնվազն 40 զինծառայողներ պաշտոնապես սպանված են (նրանցից 16-ը՝ սպաներ, որոնց թվում են փոխգնդապետներ Անդրեյ Օկրուժևը, Վիկտոր Կուզմինը, Յուրի Ագարկովը): Նվազագույնը 25 զոհ՝ Ուլան Ուդեի 11-րդ առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադում․ սպանվել է նաև բրիգադի փոխհրամանատար Դենիս Գլեբովը։ Եվս 15 զոհ Կովկասի՝ 247-րդ գվարդիական դեսանտագրոհային (կոզակական) գնդից․ սպանվել է գնդի հրամանատար, 38-ամյա գնդապետ Կոնստանտին Զիզևսկոյը և ևս չորս սպաներ, այդ թվում՝ դեսանտագրոհային դասակի և հետախուզական վաշտի հրամանատարները։ Բի-Բի-Սիի հետ զրույցում փորձագետները նշում են, որ ռուսական բանակի հրամանատարությունը դեսանտավորներին հաճախ օգտագործում է խնդիրների համար, որոնք կարող էին դրվել նաև սովորական հետևակի առջև․ բայց հենց օդադեսանտային զորքերում են ընգրկված ռուսական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումները։ Եվ Պսկովի, և Կոստրոմայի դեսանտավորները 2014 թվականին մասնակցել են Դոնբասի պատերազմին։ Նրանց մասնակցությունը Մոսկվան թաքցնում էր․ մեկնաբանելով դեսանտավորների գերեվարումը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր, թե նրանք «մոլորվել» և պատահաբար հայտնվել են Ուկրաինայի տարածքում կամ որ զորացրվել են և պատերազմի են մեկնել որպես «կամավորներ»։ Զոհվածներին այդ ժամանակ գաղտնի էին հուղարկավորում։ Ռուսաստանի համար մյուս կարևոր ուղղությունը Մարիուպոլն էր (նավահանգստային քաղաքը պատերազմի ընթացքում գրեթե ոչնչացվել է): Այստեղ գրոհում էր ծովային հետևակը․ հաստատված տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմն այստեղ առնվազն 91 զոհ ունի։ Սպանվել է Սևծովյան նավատորմի ծովային հետևակի 810-րդ առանձին գվարդիական բրիգադի 42-ամյա հրամանատար Ալեքսեյ Շարովը և նրա 19 ենթակաները։ Մարիուպոլի մատույցներում է զոհվել նաև Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալիյը։ Ուկրաինա ներխուժումից ի վեր հաղորդվել է  45 ռուս հատուկ ջոկատայինների մասին։ Հաստատված է, որ նրանցից առնվազն 25-ը ծառայում էին Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչությունում (ГРУ)․․․ Զոհվել է նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ, ФСБ) փոխգնդապետ Ալեքսեյ Կրյուկովը, ով ենթադրաբար ծառայում էր ԱԴԾ Հատուկ նշանակության կենտրոնի հանրահայտ «Ալֆա» վարչությունում։ Հայտնի է նաև ավիացիայի առնվազն 20 և ուղղաթիռների առնվազն 6 օդաչուների սպանության մասին․ օդաչուներ կան նաև գերեվարվածների մեջ։ «Մեդիազոնան» հատուկ ընդգծում է՝  առաջին կարգի ռազմավիացիայի մեկ օդաչուի պատրաստությունը 7-8 տարի է պահանջում և արժի շուրջ 3․4 միլիոն դոլար։ Օդաչուի հետ միասին կործանվում է նաև թանկարժեք տեխնիկան։ Oryx նախագծի OSINT-ի տվյալներով, Ռուսաստանը պատերազմի 60 օրերի ընթացքում առնվազն 12 Ка-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռ է կորցրել, ինչը կարող է կազմել ընդհանուր շարժապահեստի շուրջ 10 տոկոսը։ Մեկ Ка-52-ի գինը 857 միլիոն ռուբլի է։ Չնայած Ռուսաստանի ՊՆ-ն պատերազմի առաջին իսկ օրերից հայտարարում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գրեթե ամբողջությամբ ավերված է, ուկրաինական բանակին հաջողվել է խոցել նաև ռուսական բանակի յոթ Су-34 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան միլիարդ ռուբլի արժի։ Զոհված ուժայինների մեջ կան նաև ծառայողներ, որոնք առհասարակ ընդգրկված չեն Ռուսաստանի Զինված ուժերում։ Սպանվել է առնվազն 5 ոստիկան և Նացգվարդիայի 78 ծառայող, որոնցից 15-ն ընդգրկված էին ՕՄՕՆ-ում՝ կառույց, որ ստեղծվել է բողոքի ցույցեր ճնշելու, ձերբակալություններին և խուզարկություններին մասնակցելու համար և որի պարտականությունների մեջ արտերկրում ռազմագործողություններին մասնակցելն առհասարակ չի մտնում։  Ռուսաստանում, հիշեցնենք, ռազմական դրություն չի հայտարարվել։ Զոհերից ևս 15-ը ներքին զորքերի հատուկ ջոկատայիններ էին, 6-ը՝ Արագ արձագանքման հատուկ ջոկատից (СОБР): Փետրվարի վերջին-մարտի սկզբին ՕՄՕՆ-ականների և ՍՕԲՐ-ականների զորասյունը ջախջախվել է Կիևի և Խարկովի մոտակայքում․․․ «Մեդիազոնան» զորքերի տեսակը որոշել է ըստ հաղորդումներում/նեկրոլոգներում ներառված տեղեկությունների՝ ծառայության վայր, համազգեստ, տարբերանշաններ և այլն: Օրինակ՝ եթե զինվորականը օդադեսանտային զորքերում ինքնագնաց հրետանային կայանք էր կառավարում, նա դասվել է օդադեսանտային, այլ ոչ թե հրետանային զորքերին։ 1744 հաղորդումներից միայն 1162-ում է հաջողվել պարզել զորքերի տեսակը (ավելի հաճախ՝ դեսանտավորներին, երկրորդ տեղով (308)՝ մոտոհրաձգային կազմավորումների զինծառայողներին․․․): Ամենայն հավանականությամբ, զոհերի իրական համամասնությունը այսպիսին չէ՛․ դեսանտավորներին պարզապես ավելի հեշտ է տարբերակել։ «Մեդիազոնան» ենթադրում է, որ զոհվածների մեծ մասը, որոնց զորքերի տեսակը չի հաջողվել պարզել (582), մոտոհրաձգայիններ կամ տանկիստներ էին (մոտոհրաձգային միավորումներն ամենամեծն են ցամաքային զորքերի կազմում): «Այլ զորքերի» մեջ են ընդգրկված ՀՕՊ-ը (ПВО), զենիթահրթիռային և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը, կապավորները, օդատիեզերական ուժերի ցամաքային ծառայությունը՝ յուրաքանչյուր կարգում առավելագույնը 10 դեպք։ Մահվան ամսաթիվը նշվում է 1744 հաղորդումներից միայն 700-ում. Ցաքուցրիվ այս տեղեկությունները բավարար չեն՝ հստակ եզրակացություններ անելու համար։ Բայց, հիմնվելով առկա տվյալների վրա, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը լուրջ կորուստներ է ունեցել հարձակման առաջին իսկ օրը, որբ փորձել է գրոհել միաժամանակ մի քանի, այդ թվում՝ Կիևի, ուղղությամբ։ Ավելի ուշ, երբ ռուսական բանակը հետ քաշվեց Կիևից, Մոսկվան սկսեց հերքել Ուկրաինայի մայրաքաղաքը գրավելու պլանները, չնայած մինչ այդ հսկայական ջանքեր էր գործադրում՝ Կիևը պաշարելու և գրավելու համար։ Ռուսական բանակը մեծ կորուստներ է ունեցել նաև մարտի 12-ին՝ հավանաբար, Մարիուպոլի համար մարտերի ընթացքում։ Զոհվում են երիտասարդներն ու աղքատները Զոհերի մեծ մասը, դատելով առկա տվյալներից, զինծառայողներ են Ռուսաստանի աղքատ շրջաններից։ Ամենաշատը՝ Դաղստանից և Բուրյաթիայից, որտեղ միջնարժեք աշխատավարձը չի գերազանցում 20 հազար ռուբլին։ Սա, ըստ «Մեդիազոնայի», կարող է բացատրվել ոչ միայն դեմոգրաֆիկ և տնտեսական պայմաններով, այլև զինծառայության նկատմամբ հատուկ վերաբերմունքով։ Ռուսաստանի բնակչության շուրջ 12 տոկոսն ապրում է Մոսկվայում և Պետերբուրգում․ մոսկվացիներ և պետերբուրգցիներ հաղորդումներում գրեթե չկան։ Զոհերի տարիքը հիշատակվում է 1744 հաղորդումներից գրեթե հազարում։ Զոհերի մեծ մասը 21-ից 23 տարեկան էին, 69-ը՝ 20 տարեկանից երիտասարդ, 13-ը՝ 18 տարեկան։ Զոհերի մեջ կան նաև պարտադիր ժամկետային զինծառայողներ․ նման հաղորդումներ են եկել նաև Սև ծովում խորտակված «Մոսկվա» հածանավից։ Խարկովի մոտ, օրինակ, զոհվել էր 20-ամյա Պավել Պոզանենը․ նրա մայրը պատմել էր, որ տղային ապօրինաբար պայմանագրային էին սարքել (գործը քննվում է ռազմական դատախազությունում)։ Զոհվածներից ևս երկուսը՝ 18-ամյա Դենիս Յարոսլավցևը (Բաշկորտոստան) և 19-ամյա Ալեքսանդր Բոբրովը (Ալտայ), զորակոչվել էին 2021 թվականի նոյեմբերի վերջին․ պատերազմի մեկնարկին նրանք հազիվ հատել էին պայմանագրի կնքման համար անհրաժեշտ եռամսյա ծառայության ժամկետը։ Մարտի սկզբին Պուտինը հայտարարել էր, թե պատերազմ են գնում միայն պրոֆեսիոնալ զինվորականները։ Հաջորդ իսկ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ ժամկետային զինծառայողների ներկայության «մի քանի փաստ» է արձանագրվել։ Գերատեսչությունը հավաստիացնում էր, թե նրանց մեծ մասն (հայտարարության օրվա դրությամբ) արդեն Ռուսաստանի տարածքում է։ Եվ Բոբրովը, և Յարոսլավցևը զոհվել են ապրիլի սկզբին՝ ՊՆ-ի հավաստիացումներից մոտ մեկ ամիս հետո։ Ուկրաինայի իշխանությունները մի քանի անգամ նշել էին, որ ռուսական կողմը հրաժարվում է տարհանել զոհվածների մարմինները։ Հայտնի չէ, որքանով է դա համապատասխանում իրականությանն այսօր․ հավանական է, որ զոհվածներից շատերը մինչ օրս չեն հուղարկավորվել։ շապիկի լուսանկարը Անդրեյ Մարիենկոյի / AP, 2020 թվականի մարտի 7, Խարկովի շրջան