Home / Video / Ամուլսարի հիմնախնդիրը՝ Հայաստանի կարևորագույն նշանային կոնֆլիկտ

Ամուլսարի հիմնախնդիրը՝ Հայաստանի կարևորագույն նշանային կոնֆլիկտ

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որով կարձանագրվի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։ Այս մասին Epress.am-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը։

Վերջինս բնապահպաններ Արփինե Գալֆայանի և Անի Խաչատրյանի հետ խոսում է Ամուլսարի շուրջ ծավալվող գործընթացների, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որդեգրած պրակտիկաների, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։ Բանախոսները նաև անդրադառնում են գաղութականության խնդրին․ ընդգծում են, որ Հայաստան եկող հանքարդյունաբերական ընկերությունները հայաստանցիներին վերաբերում են որպես հետամնաց և անգրագետ մի հատվածի, որոնց իրենք կրթում են։ Նրանք նշում են, որ զարգացած երկրներում, ինչպես օրինակ Կանադայում, հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ է։ Մինչդեռ, ինչպես նշում է Գալֆայանը, «մենք, գուցե, ավելի շատ տեղեկություն ունենք նրա մասին, թե Կանադայի հանքերն էսօր գլոբալ տաքացման համար ինչ պրոբլեմ են դարձել, որ աշխարհը և Կանադայի ժողովուրդները դեմ են դուրս եկել դրան»։

«Իրականում պետք է լավ մնասնագետներ ունենալ։ Որոշները կան Հայաստանում, ուղղակի նրանց լսող չկա։ Էսքան տարի եղել են մասնագետներ, որոնք և՛ Թեղուտի հանքի դեպքում, և՛ մյուսների, և՛ հենց Ամուլսարի, մասնագիտական կարծիքներ են ասել, բայց նրանց կարծիքը ոչ մեկի համար հետաքրքիր չի եղել, որովհետև «Լիդիանն» իրեն ձեռնտու մարդկանց փող է տվել, կամ ուրիշ հանքարդյունաբերողները… Նրանք գրել են [հանքարդյունաբերողին] ձեռնտու կարծիք, կառավարությունում էլ եղել են մարդիկ, ովքեր սիրուն կոնսպեկտ են դարձրել դա, կնիքը դրել են վրան, ու դա հաստատվել է», ֊ ընդգծել է Գալֆայանը։