Պետեկամուտների կոմիտեի դեմ բողոքով Եվրոպական դատարանում հաղթած, աշխատանքային իրավունքների խախտման զոհ դարձած հարկային տեսուչ Ռոբերտ Նիկողոսյանը ստացել է իրեն հասանելիք դրամական փոխհատուցումը, սակայն նա շարունակում է պայքարել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին անձամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Նիկողոսյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է՝ թեև Եվրոպական դատարան դիմելուց հետո պետությունը սկսեց իրեն վճարել՝ աշխատանիքից ապօրինի ազատելու և հարկադիր պարապուրդի մատնելու համար և այդ գումարը բարոյական վնասի փոխհատուցման հետ միասին կազմում է մոտ 8 միլիոն դրամ, սակայն իրեն՝ որպես մտահոգ քաղաքացու, անհանգստացնում է, որ գումարները իրեն տրվում են ՀՀ պետական բյուջեից, այլ ոչ թե Գագիկ Խաչատրյանի գրպանից։