Գեորգևյան ժապավեններով, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության, Ղազախստանի, ԽՍՍՀ-ի ու անգամ ՌԴ ռազմաօդային ուժերի դրոշներով զարդարված ավտոմեքենաների ու մոտոցիկլների շարասյունը կեսօրից հետո շրջում էր Երևանի կենտրոնում։ Մեքենաների ապակիները զարդարված էին մուրճ ու մանգաղներով, «Խփիր ֆաշիստական տականքին» և «Շնորհակալություն պապին հաղթանակի համար» գրությամբ ռուսալեզու պաստառներով։
Epress.am-ի թղթակիցը տոնական երթին հանդիպել է Խորհրդային միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ։ Նշված հուշարձանը գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտակայքում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դիմաց։