Home / Հայաստան / «Մարտի 1-ի իրազեկում». ոստիկանները փորձել են խանգարել ակտիվիստներին

«Մարտի 1-ի իրազեկում». ոստիկանները փորձել են խանգարել ակտիվիստներին

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն այսօր մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնում էին ավտոմեքենաներով:

Կենտրոն համայնքի բակերից մեկում, երբ երիտասարդները բարձրախոսով սկսել են տեղեկացնել մարտի մեկին ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքի մասին, նրանց մոտեցել են երկու համազգեստավոր ոստիկան և երկու  քաղաքացիական հագուստով երիտասարդ` պնդելով, որ իրազեկողները պետք է դադարեցնեն բարձրախոսով խոսելը:

Երբ երիտասարդները նրանցից  հարցրել են, թե ինչի համար են իրենց արգելում իրազեկում անցկացնել և խնդրել են ոստիկաններին ներկայանալ, վերջիններս հրաժարվել են դա անել, և միայն քաղաքացիական հագուստով երիտասարդներից մեկն ասել է, որ ոստիկանության լեյտենանտ է:

Դրանից հետո երիտասարդներին սկսել են հետևել մի քանի ոստիկանական մեքենաներ և մի քանի սովորական ավտոմեքենաներ:

Տիգրան Մեծ պողոտայի վրա` Հանրապետության հրապարակից քիչ ներքև, ոստիականները կանգնեցրել են իրազեկող ավտոմեքենաները:

Երիտասարդները ոստիկաններից պահանջել են բացատրել, թե ինչու են իրենց կանգնեցրել: Ոստիակնները ոչինչ չեն պատասխանել, իսկ քիչ անց պետովտոտեսուչները մոտ 15 րոպեով փակել են փողոցի եկող երթևեկությունը:

Ոստիկանական մեքենաները հետզետե շատացել են, միջադեպի վայր են ժամանել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարության նախագահ Արամ Մանուկյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, Կոնգրեսի մի քանի այլ ներկայացուցիչներ,  որոնք ոստիականական գործողությունները ղեկավարող անձանց հետ փորձել են հարթել իրավիճակը:

Այդ ընթացքում երիտասարդները կանգնել են փողոցի ոչ երթևեկելի մասում և սկսել են վանկարկել «Սերժիկ Մուբարաք», «Լևոն, նախագահ», «Մարտի 1-ին հանարահավաք»: Վանկարկումներին զուգահեռ երիտասարդներն այդ տարածքով անցնող մեքենաների և տրանսպորտի մեջ դնում էին Կոնգրեսի թերթոնները:

Անցնող մեքենաների մեծամասնությունը կանգնում էին և վերցնում դրանք: Իրազեկման այս գործընթացը, որը տեղի էր ունենում ոստիկանների աչքի առջև, կասեցվել է այն ժամանակ, երբ միջադեպի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը և ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Մելքոնյանը բղավել է` «Վերցրեք դրանց ձեռքից թերթերը: Մի երկու հոգու էլ բաժին տարեք»: Նրա այդ հայտարարությունից հետո ոստիկանները, որոնք մինչ այդ հանգիստ կանգնած էին, հարձակվել են երիտասարդների վրա ու սկսել քաշքշել նրանց: Դրան ի պատասխան` երիտասարդները սկսեցին վանկարկել` «Սերժիկ, Բազազ, Օսիպով»: Մի որոշ ժամանակ անց ոստիկանների ղեկավարները ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցելուց հետո որոշել են բացել ճանապարհը: Նրանք նաև չեն էվակուացրել մեքենաներից մեկը, թեև համապատասխան մեքենան արդեն բերվել էր դեպքի վայր: