Տնտեսական տարվա (2012թ) ամփոփումն այս պահին շատ կարևոր է, քանի որ առաջիկա մի քանի օրերին վարչապետ է նշանակվելու։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Դատելով ամեն ինչից կառավարությունը կամ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) առայժմ կարողանում են թվերի մանիպուլյցիաներով ինչ-որ աճ ցույց տալ, նախագահն էլ դրանք մատուցում է լրագրողներին», – գրում է Բագրատյանը:
Վերլուծելով տնտեսական իրավիճակը՝ նա նշում է, որ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ-ի աճ 100%-ով, մինչդեռ այն աճել է 5%-ով։
Բագրատյանի կարծիքով՝ 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վկայակոչումն անտեղի է. աշխարհում այդ նույն ցուցանիշը 5 տարում աճել է 12,5%-ով։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ) Հայաստանը 185 երկրների մեջ 99-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը (2011թ):
«Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այդ 5 տարիներին լքել է 225 հազար մարդ՝ բնակչության 7 տոկոսը։ Եթե այս արտագաղթը չլիներ, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պետք է պակասեր բացարձակ գումարով։ 5 տարիների ընթացքում (2008-2012թթ) եկամուտները 2 անգամ (100%-ով) աճելու փոխարեն աճել են 4%-ով (այդքան է միջին ամսական անվանական աշխատավարձի հավելաճի և գների հավելաճի տարբերությունը): 2012թ, օրինակ, գներն աճել են 3.1%-ով, իսկ աշխատավաձը՝ 3.2%-ով (ԱՎԾ-ի տվյալներ ապրիլի 12-ի ժամը 16:15 դրությամբ):
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիովին իրավացի էր՝ աշխատավարձը 0.1%-ով ավելի արագ է աճել, քան գները։ Եթե մեզ մոտ իրավիճակը տարեկան 0.1%-ով լավանա, իսկ ԱՄՆ-ում չփոխվի, Տիգրան Սարգսյանն էլ հավերժ վարչապետ մնա, ապա 2890 տարի հետո Հայաստանը կհասնի ԱՄՆ-ին։
Պատկերացն՞ում եք, 2012թ տնտեսությունն աճել է 7.2%-ով, իսկ եկամուտները՝ սոսկ 0.1%-ով, 72 անգամ պակաս։ Միայն Աստծուն է հայտնի (մեկ էլ կառավարությանն ու ԱՎԾ պետ Ս.Մնացականյանին), թե այդ աճը (եթե այն կա) ի՞նչ է եղել։ Եվ ընդհանրապես, 5 տարիների ընթացքում տնտեսությունն աճում է 5 տոկոսով, երկրի բնակչությունը պակասում է 7%-ով, մեկ շնչին ընկնող արտադրության ծավալն, ուրեմն, ավելանում է 12%-ով, բայց աղքատությունը 23%-ից դառնում է…. 35%: Սերժ Սարգսյանին չէր խանգարի լրագրողներին հանդիպելուց առաջ այս թվերն իմանալ։
Բայց սա դեռ քիչ է։ Երբ որ խորանում ես այդ չեղած թվերի մեջ, ապա սկսում ես…. զարմանալ։ Վերցնենք, օրինակ, 2012թ վիճակագրական տվյալների ամփոփումը։ Այս պահին ԱՎԾ-ի կայքում կախված են հետևյալ թվերը։ 2012թ ՀՆԱ-ն կազմել է 3981 մլն դրամ և 2011թ .ՀՆԱ-ից (3776 մլն դրամ) անվանական ավել է 5,5%-ով (ապրիլի 12-ի ժամը 16:26-ի դրությամբ):
Հետաքրքիրն այն է, որ դեռևս 2012-ի նոյեմբերին, երբ կառավարությունը ԱԺ էր ներկայացրել 2013-ի բյուջեն, վերլուծականում 2012-ի ՀՆԱ-ն գնահատվել էր 4200 մլն դրամի չափով (հիմա էլ, ապրիլի 13-ի ժամը 16:38-ի դրությամբ, ֆինանսների նախարարության կայքում կա այդ թիվը՝ 4218 մլն դրամ է)։ Բայց դե ՀՀ ԱՎԾ վերջնական թիվն է՝ 3981 մլն դրամ։ Հիմա, 2012-ի բացարձակ ՀՆԱ-ն պետք է բաժանենք 2011-ի վրա (այսինքն՝ 3981 մլն դրամը 3766 մլն-ի վրա) և սրանից հանենք դեֆլյատորի մեծության բացարձակ փոփոխությունը։ Դեֆլյատոր կոչվածը գրեթե նույն գների ինդեքսն է` տվյալ տարվա անվանական ՀՆԱ-ն բաժանած նույն տարվա ՀՆԱ-ի վրա արդեն բազիսային տարվա գներով։ Ավելի կոնկրետ՝ դեֆլյատորը սպառողական գների ինդեքսն է հաշվի առած նաև եկամուտների փոփոխությունը՝ աշխատավարձ, տոկոսային եկամուտներ և այլն։ Որպեսզի ՀՆԱ-ն աճեր 7,2%-ով վերը նշված 2011 և 2012թթ. ՀՆԱ բացարձակ թվերի պայմաններում դեֆլյատորը պետք է բացասական լիներ։ Կարծես թե սա անհնար էր. գներն արդեն աճել էին 3,1%-ով։ Ուրեմն աշխատավարձը, այլ եկամուտները պետք է նվազած լինեին։ Բայց արի ու տես սրանք նույնպես աճել են՝ 3,2%: Հըմ, զուր չէր Սերժ Սարգսյանի ասածը լրագրողներին՝ աշխատավարձն ավելի արագ է աճել (թեկուզ աննկատ): Ուրեմն դեֆլյատոր կոչվածն այնքան պիտի լիներ, որքան գների ու աշխատավարձի աճը։ Եվ իրոք, կառավարությունն ինքը 2013-ի բյուջեն հաստատել է 2,3% դեֆլյատորով: Բայց արի ու տես ԱՎԾ-ն 2012-ի ինդեքս դեֆլյատորը հաշվել է … 98,4% (ապրիլի 12:00-ի ժամը 17:04 դրությամբ)։
Այդ նույն էլեկտրոնային էջում կարդում ենք ինդեքս-դեֆլյատորները 2011 (104,2%), 2010 (107,8%), 2009 (102,6%) թվականների համար։ Այսպիսով, ստանալով 98,4% դեֆլյատոր ՀՀ ԱՎԾ հեշտությամբ կատարում ՀՀ կառավարության պատվերը տնտեսական աճի մասով՝ 5,5% + 1,6% = 7.1%: Հիմա թող Սերժ Սարգսյանը մինչև կառավարություն նշանակելը պարզի Կառավարության, ֆիննախի ու ԱՎԾ թվերը, հասարակությանը բացատրի, թե ով է ճիշտ և ո՞վ է սխալ։ Սա լուրջ է։ Ավելի լուրջ, քան կարելի է պատկերացնել», – գրում է Հրանտ Բագրատյանը: