ԱՄՆ-ում «Հայկական ուժ» (Armenian power) հանցավոր խմբավորման գործունեության մեջ ներգրավված 59 մարդ ընդունել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները Նրանք մեղադրվում են կողոպուտների, սպանությունների, առևանգումների, դրամաշորթության, մեքենայությունների, մաքսանենգության ու զենքի ապօրինի շրջանառության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
2011 թվականի փետրվարին ամերիկյան իրավապահ մարմինները լայնամասշտաբ գործողություն էին իրականացրել, որոնց արդյունքում բերման էին ենթարկվել տասնյակ մարդիկ: Ձերբակալությունները տեղի են ունեցել Գլենդեյլ ու Լոս Անջելես քաղաքներում:
Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին էր հայտնվել 70 մարդ: Մեղադրական եզրակացություն է ներկայացվել 140 կետերով, 29 մարդու մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավորության հոդվածով: Նրանք, մասնավորապես, բանկոմատների վրա այսպես կոչված «սքիմմերներ» են տեղադրել, կեղծ դեբետ ու կրեդիտ քարտեր են արտադրել, զբաղվել են անձնական տվյալների գողությամբ, HSBC և Bank of America բանկերում կեղծ հաշիվներ են բացել:
Ամերիկյան իրավապահ մարմինների տվյալներով՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որում ընդգրկված էին հիմնականում հայկական ծագում ունեցող ԱՄՆ բնակիչներ, կազմավորվել էր Լոս Անջելեսում 1980-ական թվականներին: Խմբավորումը շուրջ 250 անդամ ուներ՝ չհաշված բազմաթիվ մեղսակիցներին, որոնք պաշտոնապես խմբի անդամներ չէին:
Երեքշաբթի օրը Կալիֆորնիայի դաշնային դատարանում իրենց մեղքն ընդունել են ևս 8 մեղադրյալներ: Նրանցից մեկին՝ Կարո Երկանյանին, ավելի քան 100 տարվա ազատազրկում է սպառնում: Դատավճիռը կկայացվի նոյեմբերի 25-ին: