Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում քննարկվել է հանրային տրանսպորտի գնի հարցը: Սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների մի խումբ նույնպես ցանկացել է մասնակցել քննարկմանը: Ակտիվիստներին, սակայն, թույլ չեն տվել ներս մտնել՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա: Մոտ 20-25 ակտիվիստներ որոշել են քաղաքապետարանի մոտ սպասել քննարկման ավարտին: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, երբ հավաքվածները նստել են քաղաքապետարանի դիմաց՝ աստիճաններին, նրանցից երկուսին՝ Դվին Իսանյանսին և Վահագն Մինասյանին ոստիկանները բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնի բաժին:
Մյուս քաղաքացիների նկատմամբ ուժ են գործադրել և ստիպել են հեռանալ քաղաքապետարանի մուտքի մոտից: Այս պահին ակտիվիստները սպասում են քննարկման ավարտին՝ քաղաքապետարանի դիմացի մայթին: