Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետև ընկալելու է որպես ոստիկանության ավագ խորհրդատու և ըստ այդմ որոշելու է՝ որ հարցով դիմել, որ հարցով չդիմել:
Այս մասին այսօր Գասպարին ասել է Epress.am-ի հետ զրույցում։ Ակտիվիստը երեկվանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ է հայտարարել: Oգոստոսի 23-ին քաղաքապետարանի մոտից ակտիվիստին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և առանց որևէ փաստաթղթի ներկայացման մի քանի ժամ անց ազատ արձակել։ Գասպարին դիմել էր ՄԻՊ-ին և իրազեկել տեղի ունեցածի մասին։ Նա խնդրել էր պարզաբանել, թե ինչու իրեն փաստաթղթեր չեն ներկայացվել:
Ակտիվիստը պաշտպանին դիմել էր նաև օգոստոսի 24-ին՝ խնդրելով հաստատել, որ ինքն իրոք եղել է ոստիկանական բաժնում, և ՄԻՊ-ը տեղյակ է այդ մասին։ Որևէ պատասխան չստանալով՝ Գասպարին ևս 3 դիմում-նամակ էր ուղարկել գրասենյակ:
Այսօր Գասպարին նույն պահանջը ներկայացրել է գրասենյակի աշխատակիցներին և խնդրել է բացատրություն տալ՝ ինչո՞ւ պաշտպանի գրասենյակն այդ պահին չի արձագանքել կատարվածին։ Գրասենյակի ներկայացուցիչը պնդել է, թե ՄԻՊ-ը դիմումներին պատասխանում է միայն ուսումնասիրություններ կատարելուց հետո:
ՄԻՊ-ի աշխատակիցներից մեկը մեջբերել է ոստիկանության որոշումը, համաձայն որի` բաժնում Գասպարիին արձանագրություն են ներկայացրել, որը նա հրաժարվել է ստորագրել:
«Ներողություն, նույն պահին մարդուն խոշտանգում են, իսկ դուք ասում եք, թե 3 ամիս հետո պատասխանել եք: Ուզում եմ պարզել՝ դուք ինձ այդ պահին ասե՞լ եք, որ ոստիկանությունն ինձ արձանագրություններ է տվել, որոնք ես իբրև թե հրաժարվել եմ ստորագրել: Հաստատեք կամ հերքեք, ինձ ոստիկանության որոշումը պետք չէ ներկայացնել: 3 ամիս անց ես ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ ինձ փաստաթղթեր չեն ներկայացվել: Այդ դեպքում ինչո՞ւ եմ կապվել արագ արձագանքման խմբի հետ՝ միայն նրա համար, որ այդ պահին փաստը ֆիքսվի, իսկ դուք զլացել եք արձանագրել մարդու իրավունքի խախտումը», – ՄԻՊ-ի աշխատակցին ասել է Գասպարին:
Նրա խոսքով՝ ոստիկանությանը ավելի շատ վստահող ՄԻՊ-ը հրաժարվում է ներկայացնել հանցագործության փաստը, որից ինքը տեղյակ է:
«Արդյո՞ք 3 ամիսը բավարար չէ ՄԻՊ-ին՝ պատասխանել մի հարցի, որը ոչ մի այլ պետական մարմնից կախված չէ: Այլևս ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ մարդու իրավունքների պաշտպանից», – եզրափակել է Գասպարին: