Home / Տեսանյութեր / Արցախի հետ սահմանին մաքսակետ է լինելու

Արցախի հետ սահմանին մաքսակետ է լինելու

Արտաքին գործերի նախարարությունը «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ՀԿ-ին տրամադրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը և դրա հավելվածները: Հիշեցնենք, որ նախարարությունը հրաժարվում էր դա անել, ինչի կապակցությամբ ՀԿ-ն դիմել էր վարչական դատարան:

Նախագծի մաս հանդիսացող հավելված 2-ի, 7-րդ կետում հստակ գրված է, որ Մաքսային Միության Մաքսային օրենսգրքում պետք է ավելացվեն «Հայաստանի Հանրապետություն» բառերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Մաքսային Միության մաս չի կազմելու:

«ՄՄ Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասն ասում է, որ մաքսային սահամանը հատող ապրանքների (այդ թվում` ավտոմեքենաների) նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն: Իսկ նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը ուղղակիորեն ասում է, որ «Մաքսային հսկողության գոտիները դրանք այն տեղերն են, որտեղ ապրանքները հատում են մաքսային սահմանը…» Այսպիսով, ԼՂՀ-ն դուրս է մնալու Մաքսային Միության սահմաններից: Ուստի, այն վայրերում, որտեղ ԵՏՄ տարածք հանդիսացող Հայաստանից դեպի Արցախ ճանապարհներ են գնում և ապրանքներ են տեղափոխվում պետք է լինեն մաքսային գոտիներ (մաքսակետեր)»,- ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի՝ պայմանագրի նախագծից հետևում է, որ մաքսակետեր կստեղծվեն Քաշաթաղում, Լաչինում և Արցախ տանող մյուս ճանապարհներին: Իսկ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան ապրանքները կներմուծվեն Եվրասական տնտեսական միությունում գործող բավականին բարձր սակագներով: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանը մտադիր է ստորագրել այս պայմանագիրը հոկտեմբերի 10-ին և այն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ ՄՄ մտնելուց հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինելու: Նա նշել էր, որ ԼՂՀ-ում արտադրված ապրանքներն ազատորեն շարունակելու են շրջանառվել, ինչպես հաճախ արվել է նաև մինչև հիմա, այն է՝ ռեբրենդինգով՝ տարբերակվելով որպես Հայաստանում արտադրված ապրանքներ: