ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» կազմակերպած համապետական հանրահավաքին։ Այս մասին Zham.am-ին հայտնել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու է հարթակում, լինելու է ժողովրդի կողքին: Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լինել չէր կարող», ֊ ասել է Տոնոյանը:
Նշենք, որ ոչ իշխանական եռյակը Երևանում կայանալիք հանրահավաքին ընդառաջ մի շարք հավաքներ է անցկացրել նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց կուսակցությունների առաջնորդները ներկա չեն եղել։