Հայաստանի բնակիչների շրջանում տարածված է կարծիք, թե ադրբեջանցիներն այստեղ ապրել են հիմնականում գյուղերում, օրինակ, Մասիսի շրջանում։ Լրագրող Դավիթ Պետրոսյանը «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Շփման գիծ» նախագծի եթերում պատմում է Հայաստանի ադրբեջանցիների մասին, որոնք մինչ նախորդ դարի վերջին տասնամյակը բնակվում էին երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Հարցազրույցը վարում է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը։
Դավիթ Պետրոսյան ֊ Ադրբեջանցիները կազմել են Երևանի բնակչության եթե ոչ մեծամասնությունը, ապա բավական պատկառելի մասը։ Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո նրանց տոկոսը սկսեց պակասել, քանի որ հայերը սկսեցին ներգաղթել։ Երևանում, սակայն, կային շրջաններ, որտեղ նրանք կոմպակտ բնակվում էին՝ Շիլաչի, Թոխմախի գյոլ։ Նույնիսկ անվանումներից է երևում․ «սիլաչի»՝ թարգմանվում է «ներկարարներ» (կա վարկած, որ «սիլաչի»֊ի հիմքում արաբերեն «silah» բառն է՝ զենք, հետևաբար «սիլաչի» կարող է նշանակել նաև «զինագործներ» ֊ Epress.am): Կոնդում, որը համարվում է Երևանի սիրտը, թաղամասի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ էին։
Իզաբելլա Սարգսյան ֊ Կային դպրոցներ, կրթօջախներ, թատրոններ․․․ Ինձ թվում է՝ գրեթե ոչ ոք դրա մասին չգիտի։
Դավիթ Սարգսյան ֊ Երևանի մասին կարող եմ ասել, որ կար [Ջաֆար] Ջաբարլիի անվան թատրոն։ Իրենք մշտական շենք չունեին, հայկական թատրոններում օրեր ունեին իրենց ներկայացումների համար։ Ադրբեջանական համայնքը, որը 80֊ականների կազմում էր Հայաստանի բնակչության 5֊6 տոկոսը, ապահովում էր, որ դահլիճը լեփ֊լեցուն լինի։
Իզաբելլա Սարգսյան ֊ Խաղացանկը ադրբեջաներեն էր, թե՞ ռուսերեն։
Դավիթ Պետրոսյան ֊ Այո, ադրբեջաներեն։ Ինչո՞ւ եմ ես ուշադրություն դարձնում, որ ադրբեջանական համայնքը գալիս էր այդ ներկայացումներին։ Որովհետև կար հայկական թատրոն նաև Բաքվում, և 80֊ականներին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, շատ անգամ հիշում էին, որ էդ թատրոնը փակվեց, և փակվեց նրա համար, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն այդպես որոշեցին։ Բայց չի ասվում նրա մասին, որ Ադրբեջանի հայ բնակչությունը, հատկապես Բաքվի հայությունը, չէր գալիս այդ թատրոնի ներկայացումներին։
Ադրբեջանական համայնքը կոմպակտ բնակցում էր Ամասիայի շրջանում, այնտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Վարդենիսի շրջանում, Մասիսի շրջանում․․․ Պետք է հիշեցնեմ, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջին հանրապետություններն ի հայտ եկան Կայսերական Ռուսաստանի փլուզումից հետո։ Կայսերական Ռուսաստանի կազմում Վրաստան, Հայաստան, Ադրբեջան ընդհանրապես գոյություն չուներ։ Կային մարզեր կամ գուբերնիաներ, որտեղ ինչ֊ոո ազգի բնակչություն բացարձակ մեծամասնություն չէր կազմում։ Կար Էրիվանի գուբերնիա, Ալեքսանդրապոլի, Կարսի գուբերնիա, Ելիզավետպոլի գուբերնիա, Բաքվի, և այլն։ Հետևաբար, երբ սկսեցին սահմանները գծվել, այնպես ստացվեց, որ հայկական բնակչության մի մասը հայտնվեց Ադրբեջանում, իսկ ադիբեջանցիների մի մասը՝ Խորհրդային Հայաստանում։ Ու հիմա, որ հայտարարություններ են հնչում Բաքվում՝ «սա մեր տարածներն են, մենք այնտեղ ապրել ենք»․․․ Այո, ճիշտ է, բայց սահմանները ուրիշ պատկերացումներից ելենելով են գծել։ Չեն նայել՝ ով որտեղ է բնակվել։ Մոտավորապես գծել են՝ Հայաստանը ինչքան է լինելու, Վրաստանը, Ադրբեջանը․․․
Այս տարածաշրջանի տարածքը մոտավորապես 190 հազար քառակուսի կիլոմետր է կազմում։ Երբ եկան անգլիացիները, նրանք մոտավորապես հավասար տարածքներ գծեցին, իսկ հետո Խորհրդային Միությունը էդ սահմանները փոխեց՝ գաղափարական տեսակետներից ելնելով։ Որովհետև Ադրբեջանն առաջինը դառավ Խորհրդային, հետո՝ Հայաստանը, բացի դրանից, Ադրբեջանը նավթ ուներ։ Բայց դա բոլորն գիտենք, ու հիմա խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նա մասին է, որ ադրբեջանցիներն այս տարածքում բավական երկար ժամանակ ապրել են, ունեցել են իրենց մշակույթը և պահպանել են Խորհրդային Միության օրոք։ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալներից մեկը միշտ ադրբեջանցի է եղել՝ որպես ազգային փորամանություն։ Վերջին ադրբեջանական պատգամավորը ընտրվել է Խորհրդային Հայաստանում 1989 թվականի հոկտեմբերին՝ լրացուցիչ ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ, երբ Աշոտ Մանուչարյանն ու Խաչիկ Ատամբոլցյանն էին ընտրվել։ Շատ հետաքրքիր է՝ նույնիսկ Ղարաբաղյան շարժման օրոք՝ լարված ժամանակ, Ամասիայում ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանի խորհրդարան ընտրեցին իրենց պատգամավորին։ Դա, իհարկե, շատ կարճ․․․
Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հայկական ազգային դիվիզիաներում կային նաև ադրբեջանցիներ, որոնք հայերի հետ հավասար մասնակցել են պատերազմին։ Եթե չեմ սխալվում, կա Խորհրդային Միության հերոս ադրբեջանցի Հայաստանից։ Հայեր Ադրբեջանից կամ Ղարաբաղից շատ կան, բայց որ Հայաստանից Ադրբեջանցի էլ է եղել հերոս, դրա մասին շատ քչերը գիտեն։ Չնայած, մեր պաշտոնական պատմաբանները, որ ուսումնասիրում են Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, այդ մասին միշտ գրում են, այդ փաստը չի թաքցվում։
Իզաբելլա Սարգսյան ֊ Իսկ այդ մարդիկ Հայաստանում բնակվելիս իրենց խտրականության զոհ զգացել են, թե՞ բավականին հարմոնիկ են ապրել այդ բոլոր համայնքներն իրար հետ։
Դավիթ Պետրոսյան ֊ Ըստ երևույթին, ինչ֊որ խնդիրներ եղել են։ Չի կարող պատահել՝ խնդիրներ չունենային, բայց Խորհրդային Միության այն ժամանակվա գաղափարական դոկտրինան էր, որ այդ խնդիրները չէին կարող կոնֆլիկտի բերել, ինչ֊որ կերպ լուծվում էին։
Նրանք ունեին իրենց կրթօջախները, բայց մի մասը սովորում էր այստեղի ռուսական դպրոցներում։
Իզաբելլա Սարգսյան ֊ Ինչքան գիտեմ, հայկական դպրոցներում էլ․․․
Դավիթ Պետրոսյան ֊ Հայկականում էլ։ Բացարձակ մեծամասնությունը՝ 98֊99 տոկոսը, բավական լավ տիրապետում էր հայերենին։ Սովորում էին ոչ միայն այստեղի դպրոցներում, այլև բուհերում։
Կարող եմ ասել, որ ես ադրբեջանցի ընկերներ չեմ ունեցել։ Ադրբեջանցիների հետ ավելի շատ շփվել եմ Խորհրդային բանակում, բայց դա ոչ մեկի համար զարմանալի չէր։ Վաշտում, որտեղ ծառայում էի, կար 17 ազգության 90 մարդ։ Զարմանալի չէ, որ նրանց շրջանում կային թե հայեր, թե ադրբեջանցիներ, բայց հարաբերությունները նորմալ էին։ Կային և լավ մարդիկ, և վատ մարդիկ, բայց դա ազգության հետ կապ չուներ։
Իզաբելլա Սարգսյան ֊ Իմ սերնդի մարդիկ, ինձնից քիչ ավելի երիտասարդներն, ինձ թվում է, առհասարակ ոչ մի հայտնի ադրբեջանցի չգիտեն։ Իմ սերունդը լսել է ականջի պոչով, չգիտեմ, Կարա Կարաևի, Զեյնաբ Խանլարովայի, մի քանի նման անունների մասին․․․ Բայց, իրականում, ես լսել եմ, որ Հայաստանում Զեյնաբ Խանլարովային շատ սիրում էին․․․
Դավիթ Պետրոսյան ֊ Նա Հայաստանի վաստակավոր արտիստուհի էր, ու կարող եմ ասել, որ ժողովուրդը նրան շատ էր սիրում։ Կար մի բավականին մեծ շերտ, որը գնում էր նրա համերգներին ու մեծ հաճույքով լսում էր։ Ու այդ կոչումը նա պատահական չէր ստացել, մարդիկ նրան իրոք սիրում էին։ Նույն շերտը գնում էր նաև Վրաստանում Զեյնաբ Խանլարովայի համերգներին։
Իզաբելլա Սարգսյան ֊ Ճշտեք միայն՝ ով է Զեյնաբ Խանլարովան։
Դավիթ Պետրոսյան ֊ Զեյնաբ Խանլարովան երգչուհի էր, որը կատարում էր և ադրբեջանական, և հայկական երգեր, Խորհրդային Հայաստանի վաստակավոր արտիստուհի կոչում էր ստացել։ Կարող եմ ևս մի քանի անուն հիշատակել։ Օրինակ, հայտնի ադրբեջանցի երգիչ Ռաշիդ Բեյբուտովը կիսով չափ հայ էր ու ծնվել էր Երևանում։ Նա երգում էր կինո «Նաիրիի» սրճարանում։ Հետո գնաց Ադրբեջան ու դարձավ «Ռաշիդ Բեյբուտով»։
Կար, օրինակ, Սաբիր Ռզաևը, ով Հայաստանի կինոգիտության հիմնադիրն էր։ Հայրենական պատերազմի մասնակից էր։ Ռզաևը մի քանի հայկական գեղարվետսական ֆիլմերի սցենարի հեղինակ էր, բավական հետաքրքիր աշխատություններ ունի։ Եթե չեմ սխալում, մի քանի տարի առաջ Երևանում հրատարակվեց նրա աշխատություններով ու, ընհանրապես, նրա մասին բավական մեծ գիրք։ Գտնում եմ՝ դա շատ կարևոր է։
Իզաբելլա Սարգսյան ֊ Շատ հետաքրքիր է, որ Սաբիր Ռզաևի մասին հիշատակեցիք, որովհետև մենք ևս մտածել ենք նրա մասին ու մի փոքր ռեպորտաժ ենք պատրաստել։ Եկեք միասին դիտենք ու շարունակենք։ (Ռեպորտաժը տեսանյութում՝ 15։32֊ից)։
Ռեպորտաժ ֊ Աշխարհում առաջին գունավոր կինոնկարի հայազգի Ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կողքին ազգությամբ ադրբեջանցի Սաբիր Ռզաևն է՝ հայ կինոգիտության հիմնադիրը։ Հենց նա է հայ իրականությանը ծանոթացրել Մամուլյանին։ Ռզաևը ծնվել, ապրել ու ստեղծագործել է Հայաստանում։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, Պետկինոյի գլխավոր խմբագիրը, տասից ավելի հայկական ֆիլմերի սցենարներ է գրել։
Կինոգետ Գարեգին Զաքոյանի նախաձեռնությամբ տպագրվել է գիրք, որտեղ ամփոփված է Սաբիր Ռզաևի՝ կինոյին ու թատրոնին նվիրված հոդվածների մի մասն ու հատվածներ նրա աշխատություններից։ Սաբիր Ռզաևի գրիչն անդրադարձել է Գուրգեն Ջանիբեկյանին, Վարդան Աճեմյանին, Հրաչյա Ներսիսյանին, Հրաչյա Ղափլանյանին և շատ ու շատ այլ մեծությունների։ Ռզաևը նաև առաջինն էր, որ բացահայտեց Փարաջանովին։
Սաբիր Ռզաևի գրչին է պատկանում նաև մինչ օրս գրված միակ կինոգիտական մոնոգրաֆիան՝ «Հայկական գեղարվետսական կինոմատոգրաֆիա» աշխատությունը։ Կինոյի պատություն դասավանդող ցանկացած պրոֆեսոր ատենախոսություն գրող ցանկացած ուսանող, եթե անգամ չեն տալիս Ռզաևի անունը, ապա այս կամ այն կերպ օգտվում են նրա թողած կինոգիտական ժառանգությունից։
Սաբիր Ռզաևը մինչև կյանքի վերջին օրերը Հայաստանում ապրեց ու մահացավ Ղարաբաղյան հակամարտությունից տասը տարի առաջ։
Սաբիր Ռզաևի մարմինն ամփոփված է Երևանում։ Մահվանից երեք տարի առաջ նրան շնորհվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Իզաբելլա Սարգսյան ֊ Շատ հետաքրքիր նյութ էր։ Անձամբ ինձ համար շատ նոր բան կար։ Ես Սաբիրի մասին Վիկիպեդիայում շատ կարճ ինֆորմացիա էի տեսել։
Դավիթ Պետրոսյան ֊ Իհարկե, ուրախալի է, որ այդ նյութն ի հայտ եկավ, բայց ավելի լավ կլիներ, որ մեր Հանրային հեռուստատեսությունը նրա մասին հաղորդում ներկայացներ։ Ես համոզված եմ, որ նրանք բավականին մեծ արխիվ ունեն ու կարող են այնտեղ շատ հետաքրքիր բան գտնել։
Բացի Սաբիր Ռզաևից, ես կարող եմ հիշատակել հայ և ադրբեջանցի արվեստագետների համագործակցություն համամիութենական մակարդակով, որը կարևոր էր և Խորհրդային Հայաստանի, և Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիների համար։ Դա, իհարկե, Առնո Բաբաջանյանի ու Մուսլիմ Մագոմաևի համագործակցությունն էր 60֊ական 70֊ական թվականներին։ Առնո Բաբաջանյանը համարվում էր Խորհրդային Միության ամենամոդայիկ երգահանը, ու շատերը ասում են, որ Խորհրդային Միությունում թվիսթի հիմնադիրը ինքն է եղել։ Մուսլիմ Մագոմաևի ամենահայտնի երգերի հեղինակը հենց Բաբաջանյանն է եղել։ Ցավոք, դրա մասին այսօր չի հիշատակվում, ու ես կարծում եմ, որ պահանջ կա այդ թեման բարձրացնելու, գուցե՝ ֆիլմ նկարահանելու։ Լավ կլիներ, որ մեր նոր սերունդն իմանար այդ մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ