Home / Հայաստան / Ադրբեջանցի լրագրողն օգնել է կալանավորել գործընկերջը (թարմացված)

Ադրբեջանցի լրագրողն օգնել է կալանավորել գործընկերջը (թարմացված)

Սաբաիլի շրջանային դատարանը ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայլովայի հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):

Իսմայլովան ձերբակալվել է ինքնասպանության փորձ կատարած լրագրող Թուրալի Մուստաֆաևի գործով։ Այս մասին ադրբեջանական Meydan.tv-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Մուստաֆաևը:

«Ընթանում է քննություն: Ինձնից նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար ստորագրություն են վերցրել, ուստի ցուցմունքներիս մասին ոչինչ չեմ կարող հայտնել: Քննության ավարտից հետո հանդես կգամ մեկնաբանությամբ»,- ասել է նա:

Իսմայլովայի բարեկամների տվյալներով՝ Մուսթաֆաևը ցուցմունք է տվել, թե Իսմայլովան իրեն հեռացրել է աշխատանքից «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից:

Իսմայլովան, սակայն, «Ազատության» ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը ղեկավարել է 2008-2010թթ.-ին՝ այնուհետև աշխատելով միայն որպես հաղորդավար, մինչդեռ Մուստաֆաևը ինքնասպանության փորձ է արել այս տարվա հոկտեմբերի 21-ին՝ առնետի դեղ ընդունելով։ Ադրբեջանական մամուլում նշվում է, որ Մուստաֆաևի հարսնացուն, ում անունը չի հրապարակվում, արդեն վերադարձրել է նշանը։ 

Ձերբակալված լրագրողի փաստաբան Էլթոն Գուլիևը դատական նիստից հետո հայտարարել է, որ լրագրողին առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է:

«Դատարանի որոշումն անօրինական է ու կապված է Իսմայլովայի լրագրողական գործունեության հետ»,- փաստաբանի խոսքերն է փոխանցում Contact.az կայքը:

Հադիջա Իսմայլովան այսօր՝ դեկտեմբերի 5֊ին, հրավիրվել էր Բաքվի դատախազություն, այնուհետև՝ տեղափոխվել Սաբաիլի շրջանային դատարան: Նա Ադրբեջանում հայտնի է որպես երկրի նախագահ Իլհամ Ալիևի քննադատ, լրագրողը բազմաթիվ հոդվածներով է հանդես եկել, որոնցում փաստեր է ներկայացրել Ալիևի ընտանիքի բիզնես շահերի մասին։

Տարեսկզբին Իսմայլովան հարցաքննության էր ենթարկվել «պետական գաղտնիք հրապարակելու» գործով։ «Ֆեյսբուք»֊ի իր էջում լրագրողը տեղադրել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ընդդիմադիր գործչի հավաքագրելու մասին վկայող փաստաթղթի լուսանկար։